Մշտապես տրանսպորտից օգտվողների և խոցելի խմբերի համար սակագինը կվերանայվի մինիմալ չափով, հնարավոր է` չվերանայվի․ Գրիգորյան

Երևանում մշտապես հասարակական տրանսպորտից օգտվողների և խոցելի խմբերի համար տրանսպորտի սակագինը կվերանայվի մինիմալ չափով, հնարավոր է` անգամ չվերանայվի։ Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը` տրանսպորտի գնի քննարկման շրջանակում։



«Այն անձինք, որոնք հազվադեպ են օգտվում տրանսպորտից, որոնց համար սակագնի փոփոխությունը դրամատիկ թանկացման չի բերում, օրինակ` զբոսաշրջիկների դեպքում, տրամաբանություն չկա, որ այդ ուղևորափոխադրումները սուբսիդավորվեն համայնքային բյուջեից»,–ասաց Գրիգորյանը։


Նրա խոսքով` նմանատիպ ուղևորափոխադրումների հաշվին պետք է կարողանան բյուջե գեներացնել , որպեսզի տրանսպորտից հիմնական օգտվողների համար ուղևորափոխադրումը լինի որակյալ և հասանելի։


Գրիգորյանն ընդգծեց, որ անկախ տրանսպորտի գնի թանկացումից, ոլորտը շարունակաբար սուբսիդավորման կարիք է ունենալու։


Հիշեցնենք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստից միասնական տոմսային համակարգի հարցը հանվել է ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով։


Երևանի քաղաքապետարանը առաջիկայում նախատեսում է միասնական տոմսային համակարգ ներդնել և վերանայել տրանսպորտի ուղեվարձի գնային քաղաքականությունը, ինչը բուռն քննարկման թեմա է դարձել։



Քաղաքականություն