ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադիրովի որդին մեդալ է ստացել Դուբայում անցկացված հատուկ նշանակության մրցումներում, որոնց չի մասնակցել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ 16-ամյա Ադամ Կադիրովը, մեդալ է ստացել Դուբայում անցկացված UAE SWAT Challenge հատուկ նշանակության մրցումներում: Այս մասին տեղեկանում ենք Չեչնիայի խորհրդարանի նախագահ Մագոմեդ Դաուդովի հրապարակած տեսանյութից: Հոլովակի վրա ուշադրություն է դարձրել «Кавказ.Реалии»-ն:


Մրցումների կայքում ասվում է, որ դրանց կազմակերպիչը Դուբայի ոստիկանությունն է: Մրցումային չորրորդ օրվա արդյունքներով լավագույն արդյունքը ցույց է տվել Չեչնիայի ՆԳՆ Հատուկ գնդի մարտիկներից կազմված «Ախմատ» թիմը: Նախորդ օրերին «Ախմատ» թիմը երկու անգամ զբաղեցրել է չորրորդ տեղը, մեկ անգամ՝ 12 -րդը՝ պարտվելով ԱՄԷ-ից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և այլ երկրներից ժամանած մարտիկներին:


Դաուդովն իր գրառման մեջ հայտնել է, որ Ադամ Կադիրովը մրցումներում «աջակցել է» հանրապետությունից ժամանած մարտիկներին:


«Грозный-информ» գործակալության հաղորդագրության մեջ ասվում է, որ Կադիրով կրտսերը պարգեւատրմանը ներկա է եղել որպես Չեչնիայի ղեկավարի անվտանգության ապահովման բաժնի պետ: Դաուդովի տեսանյութում Ադամ Կադիրովը առաջինն է, ով մասնակցում է մրցանակաբաշխությանը և մեդալ է ստանում:


2023 թվականի սեպտեմբերի վերջին Ռամզան Կադիրովը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է իր որդին՝ Ադամը, կալանավայրում ծեծում Նիկիտա Ժուրավելին, որը մեղադրվում է Ղուրանի այրման գործով։ Չեչնիայի ղեկավարն այն ժամանակ հայտարարել էր, որ հպարտանում է իր որդով։ Դրանից հետո Ադամ Կադիրովին շնորհվել են բազմաթիվ տարածաշրջանային պարգևներ, Չեչնիայի հերոսի կոչում և Հանրապետության ղեկավարի անվտանգության ապահովման բաժնի պետի պաշտոն:

Քաղաքականություն