Թբիլիսիում ձերբակալել են Ստալինի պատկերով Մատրոնայի սրբապատկերի վրա ներկ լցրած ակտիվիստուհուն

Թբիլիսիի իր տանը ձերբակալվել է քաղաքացիական ակտիվիստ Նատա Պերաձեն, որը հունվարի 9-ին Սուրբ Երրորդության մայր տաճարում ներկ էր լցրել Մոսկվայի Սուրբ Մատրոնայի սրբապատկերի վրա։ Այս մասին հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:


Դատարանի որոշմամբ՝ մանր խուլիգանության համար Պերաձեն ձերբակալվել է հինգ օրով՝ քննչական մեկուսարանում պահելով։


Տաճարում վանդալիզմի ակտից անմիջապես հետո Պերաձեն սոցցանցերում խոստովանել է, որ հենց ինքն է ներկ լցրել Մոսկվայի Մատրոնայի պատկերակի վրա՝ Իոսիֆ Ստալինի պատկերով: Ակտիվիստուհին իր գործողությունները բացատրել է գլխավոր վրացական տաճարում ռուս սրբի սրբապատկերի ներկայության անթույլատրելիությամբ, որի վրա, ինչպես ինքն է գրել, պատկերված է նաև «բռնապետը»:


ԶԼՄ-ների տվյալներով՝ քաղաքացիների արմատական խումբը փորձել է Պերաձեի նկատմամբ ինքնադատաստան կազմակերպել, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել դա անել: Այդ կապակցությամբ Պերաձեն մի քանի օր դստեր հետ թաքնվել է մեկ այլ բնակարանում։


Երկու տարի առաջ «Վրաստանի Հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցության պատվերով գրված մարդկային հասակի չափի սրբապատկերը վանդալիզմի ակտից հետո վերականգնում են: Վրաստանի պատրիարքարանի առաջարկությամբ Մոսկվայի Սուրբ Մատրոնայի սրբապատկերից կհեռացվի Ստալինի պատկերը, քանի որ Մատրոնայի և Ստալինի հանդիպման փաստը ապացուցված չէ, այդ թվում նաև Ռուս Ուղղափառ Եկեղեցու կողմից:


Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին միջադեպից հետո լրագրողներին հայտարարել է, որ սրբապատկերի պղծումը դարձել է Վրաց ուղղափառ եկեղեցին սևացնելու արմատական ընդդիմության արշավի շարունակությունը:

Քաղաքականություն