Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը կանգ է առել

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման մասին իր այս տարվա զեկույց-դասակարգումը:


Պետությունների մեծ մասը քիչ կամ ոչ մի առաջընթաց չի գրանցել հանրային ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարում: Կոռուպցիայի ընկալման համաթվի՝ ԿԸՀ, արժեքի համաշխարհային միջինը տասներկուերորդ տարին անընդմեջ մնում է անփոփոխ՝ 43։ Պետությունների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ համաթվի արժեքները 50-ից ցածր են, ինչը վկայում է կոռուպցիոն լուրջ խնդիրների առկայության մասին:


Հայաստանը 180 երկրների շարքում 47 միավորով զբաղեցրել է 62-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ մեկ քայլով բարելավելով իր դիրքերը։ 


2018 թվականից Հայաստանը վաստակել է 12 միավոր։ Ըստ կազմակերպության, «2018 թվականի թավշյա հեղափոխությանը հաջորդած երկու տարիներին Հայաստանը ժողովրդավարական և հակակոռուպցիոն զգալի բարեփոխումներ է իրականացրել։ Այնուամենայնիվ, կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը կանգ է առել՝ առաջին հերթին նոր միջոցառումների սահմանափակ իրականացման պատճառով: Հայաստանը (ինչպես տարածաշրջանի բազմաթիվ այլ երկրներ) բախվում է անվտանգության լուրջ սպառնալիքների, սակայն ունի ներուժ՝ հաղթահարելու այդ մարտահրավերները և անցնելու կոռուպցիայի արդյունավետ վերահսկմանը»:


«Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» կոռուպցւիայի ընկալման 2023 թվականի համթվում դասակարգված են 180 պետություններ և տարածքներ, ուր 0 միավորը «բացարձակապես կոռումպացված» վիճակն է, իսկ 100-ը՝ «կոռուպցիայից զուրկ» միջավայրը։


Հրապարակման համաձայն, ութ երկրներին հաջողվել է բարելավել իրենց դիքերը՝ Իռլանդիան (77 միավոր), Հարավային Կորեան (63 միավոր), Հայաստանը (47 միավոր), Վիետնամը (41 միավոր), Մալդիվները (39 միավոր), Մոլդովան (42 միավոր), Անգոլան (33 միավոր) և Ուզբեկստանը (33 միավոր):


«Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կողմից հրապարակված կոռուպցիայի ընկալման 2023 թվականի համաթիվը վկայում է, որ կոռուպցիայի առումով իրավիճակը Արևելյան Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում մնում է «ճգնաժամային», և այդտեղ միջին միավորը 35-ն է, ինչը Արևելյան Եվրոպան ու Կենտրոնական Ասիան «դարձնում է աշխարհի երկրորդ ամենացածր միավորներով տարածաշրջանը»։


Նշված տարածաշրջանում միայն մեկ երկիր է ստացել 50-ից բարձր՝ 53 միավոր, Վրաստանն է:


Զեկույցը պնդում է՝ Արևելյան Եվրոպան ու Կենտրոնական Ասիան բախվել են օրենքների անգործության, աճող ավտորիտարիզմի, համատարած կոռուպցիայի, և ուր՝ ժողովրդավարական համատարած հետընթացի ու արդարադատության համակարգում առկա խնդիների պայմաններում, արձանագրվել է կոռուպցիայի նկատմամբ վերահսկողության թուլացում:


Միաժամանկ, ըստ զեկույցի, «փոփոխությունները հնարավոր են, ինչի մասին վկայում է արձանագրված առաջընթացը հինգ երկրներում, որոնք զգալիորեն բարելավել են կոռուպցիայի ընկալման համթվի իրենց ցուցանիշները 2014 թվականից ի վեր»։


Վերոհիշյալ երկրների շարքում է նաև Հայաստանը: «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» համաձայն, «Հայաստանը (47), Մոլդովան (42), Կոսովոն (41), Ուկրաինան (36) և Ուզբեկստանը (33) վերջին 10 տարիների ընթացքում զգալիորեն բարելավել են կոռուպցիայի ընկալման համթվի իրենց ցուցանիշները։» Ըստ այս տարվա զեկույցի, նախկին ԽՍՀՄ-ի տարածքում կոռուպցիայի ընկալման մակարդակով Հայաստանը զիջում է միայն մերձբալթյան երկրներին ու Վրաստանին:


Զեկույցի համաձայն, Վրաստանում կոռուպցիան վերածվել է ավելի խորը, համակարգային խնդրի, ուր իշխանության կենտրոնացումը մեկ ուժի ձեռքին հանգեցրել է մի իրավիճակի, ուր էլիտաները կարողանում են ազդել պետական ինստիտուտների որոշումների կայացման գործընթացների վրա: «Արդեն մի քանի տարի է, ինչ Վրաստանում խարխլված են ժողովրդավարության հիմքերը, և իշխանության ամենաբարձր օղակներում կոռուպցիան կառավարությունը վերածում է ավազակապետության »,- նշված է հրապարակման մեջ։


«Թրանսփարենսի Ինթերնեշնլի» անդրադարձել է քաղաքական ասպարեզ իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի վերջին «վերադարձին», ով, ըստ զեկույցի, առանցքային դեր է խաղացել պետական ինստիտուտների «զավթման» գործում։ Կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գլխավոր խոչընդոտներից մեկը՝ արձանագրում է կազմակերպությունը։


Արևելյան Եվրապայում ու Կենտրոնական Ասիայում զեկույցն առանձնացրել է երկրների մեկ այլ խումբ ևս, ուր վերջին տարիներին արձանագրվել է հետընթաց՝ Բոսնիա և Հերցեգովինայում (35), Թուրքիայում (34) և Թուրքմենստանում (18): Ըստ հրապարկման, Թուրքիան, Սերբիան (36), Ռուսաստանը (26) և Տաջիկստանը (20) գրանցել են կոռուպցիայի ընկալման համթվի՝ իրենց վատթարագույն ցուցանիշնեըը:


Զեկույցն ընդգծում է, «տարածաշրջանում ամենացածր միավորներն են գրանցել Ադրբեջանը (23), Տաջիկստանը (20) և Թուրքմենստանը (18), ուր արձանագրվում են կոռուպցիայի հետ կապված լուրջ խնդիրներ»։ « իշխող վերնախավերի կողմից պետական ինստիտուտների ավտորիտար վերահսկողությունը համատարած է, կոռուպցիան ծառայում է իշխանությունը պահպանելու և պատասխանատվությունից խուսափելու նպատակներին: Այս երկրների վատ ցուցանիշները արտացոլում են կառավարման համակարգի բացթողումները և անկախ վերահսկողության բացակայությունը։ կոռուպցիան տարածված է հասարակության և կառավարության տարբեր մակարդակներում, մինչդեռ քաղաքացիական և քաղաքական իրավունքները ոտնահարված են»,- նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» այսօրվա հրապարակման մեջ:


Անդրադառնալով Ռուսասատնին՝ կազմակերպությունը փաստում է․ «Իշխանությունը զավթելու և երկրի ռեսուրսները վերահսկելու Պուտինի ռեժիմի տասնամյակներ տևած ջանքերը արմատավորել են կոռուպցիան: Կառավարությունն ամենուր վերահսկում է պետական հաստատությունները, ինչը թույլ է տալիս պաշտոնյաներին վիթխարի ծավալով չարաշահել իրենց լիազորությունները։ Ռուսաստանում դատականհամակարգի թուլացող անկախությունը հանգեցրել է կոռուպցիայի աճին, ինչը լրջորեն խաթարել է արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահությունը: Արդարադատության համակարգը օգտագործվում է ռեժիմի կողմից ընդդիմությանը ճնշելու և, հետևաբար, իշխանությունն ամրապնդելու համար։ Արդյունքում, իշխող վերնախավն ազատ է իր հավակնություններն առանց կաշկանդվելու իրականացնելուց, իսկ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմը հաստատում է, թե որքան վտանգավոր կարող են լինել հետևանքները, երբ իշխանությունը դուրս է գալիս վերահսկողությունից»։


Զեկույցը փաստում է՝ վեցերորդ տարին անընդմեջ կոռուպցիայի նվազագույն մակարդակը Դանիայում (90 միավոր) է, որին հաջորդում են Ֆինլանդիան (87) և Նոր Զելանդիան (85):


Կոռուպցիայի ընկալման 2023 թվականի ցանկում վերջին հորիզոնականներում են Սոմալին (11 միավոր), Վենեսուելան (13 միավոր), Սիրիան (13 միավոր), Հարավային Սուդանը (13 միավոր) և Եմենը (16 միավոր), որոնք բոլորն էլ տևական ճգնաժամերի ներքո են՝ հիմնականում զինված հակամարտությունների պատճառով:


Զեկույցի համաձայն, Միացյալ Նահանգներում (69 միավոր) Գերագույն դատարանի էթիկայի թույլ կանոնները առաջ են քաշել դատական անաչառության հետ կապված լուրջ հարցեր: Սակայն «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կարծիքով, ԱՄՆ դաշնային և նահանգային դատական համակարգերը, հիմնականում, շարունակում են գործել համապատասխան անկախությամբ՝ զերծ մնալով գործադիր և օրենսդիր մարմիննեերի միջամտությունից, իսկ ԱՄՆ նախկին նախագահի և ներկայիս նախագահի որդու դեմ դատական գործերն ընթանում են «համապատասխան և անկախ դատական խողովակներով»։

Քաղաքականություն