Forbеs-ը՝ Սևանի մոտ գտնվող հայկական Ծաղկունքի մասին

Հայաստան է այցելել ճանապարհորդության և խոհարարության մասին գրքերի հեղինակ Քերոլայն Իդենը,որի վերջին գիրքը` «Սառը խոհանոց» վերնագրով, լույս կտեսնի մայիսին: Հեղինակավոր Forbes ամսագրի հետ զրույցում Իդենը պատմել է. որ այցելել է Սևանի Ծաղկունք գյուղ:


«Տաճարներ, երաժշտություն, թանգարաններ, արվեստ, թրեքինգ․.. Դրան ավելացրեք նաև աներևակայելի համեղ սնունդն ու գինին», - իր տպավորություններով կիսվել է Իդենը։


«Գյուղի անունը հեշտ չէ արտասանել, իսկ ավելի դժվար է այնտեղ հասնելը, բայց եթե դուք հետաքրքրված եք տեղական համերով, ապա անպայման պետք է այցելեք Ծաղկունք։ Տեղացի խոհարարները շատ հնարամիտ են, շատ ուտեստների մեջ օգտագործում են շրջակայքից հավաքված սունկ և խոտաբույսեր: Իսկ հացը, ավելի ճիշտ՝ հայկական ավանդական լոշիկը՝ լավաշը, թխում են կավե թոնիրում»,– պատմել է Իդենը:


Գյուղը գտնվում է Երևանից մեկ ժամ հեռավորության վրա։ Իդենը ճանապարհորդներին խորհուրդ է տվել Ծաղկունքում համտեսել շատ համեղ բլիթ՝ լցոնված մածունով և լեռնային խոտաբույսերով։ Նա ասում է, որ այն դրսից խրթխրթան է, իսկ ներսից՝ շատ փափուկ։