ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բարձիթողի վիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ մերկասառույցի պատճառով բախվել է 40-ից ավելի ավտոմեքենա

Այսօր՝ հունվարի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Իջևան-Սևան -Երևան ավտոճանապարհի 107 կմ հատվածում բախվել են 40-ից ավելի ավտոմեքենաներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կան վիրավորներ։

Վթարի ու մի քանի վթարների հետևանքով ճանապարհը ամբողջովին դարձել է անանցանելի, պարեկները մեծ դժվարությամբ են կարողանում անգամ մոտենալ վթարված ավտոմեքենաներին, սայթաքում ու վայր են ընկնում, իսկ վարորդներն էլ ամենավերջին խոսքերն են ուղղում ճանապարհն սպասարկող ճանշինին։  Այս պահին պարեկներն ու «Սիլ ինշուրանս» ապպայի գործակալը պարզում են վարորդների ինչպես նաև վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ հավաքվածների՝ վիրավորների թիվը հնարավոր է անցնի 10-ը, մոտ 25-ից ավելի վարորդներ էլ չսպասելով ԱՊՊԱ-ին, իրենց ուժերով իրենց ավտոմեքենաները մի մասը հրելով, մի մասն էլ քարշակով տեղափոխում են։

  

Պատահարներ