Սպանության փորձ` Վանաձորում. տղամարդը կացնով խփել է նախկին կնոջը

Հունվարի 2-ին, ժամը 17.10-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի պատռված վերք, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ 42-ամյա կին է բուժօգնության տեղափոխվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանուիթյունից:


Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին վանաձորցի 42-ամյա կինը հաղորդում է տվել, որ նախկին ամուսինն է կացնով խփել իրեն:


Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 43-ամյա տղամարդը, սպանության սպառնալիքներ տալով, կացնով խփել է նախկին կնոջ կրծքավանդակին, ապա ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:


43-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նրա նկատմամբ կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշում:


Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն:

Քաղաքականություն

Պատահարներ