Սրանք երեք նախադրյալներ են Գազայում խաղաղության համար․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեք պայման է նշել Գազայի հատվածում հակամարտության ավարտի համար: Դա ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն է, Գազայի ապառազմականացումն ու ապաարմատականացումը։ Այս մասին նա գրել է The Wall Street Journal թերթի համար հոդվածում։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«ՀԱՄԱՍ-ը պետք է ոչնչացվի, Գազան պետք է ապառազմականացվի, իսկ պաղեստինյան հասարակությունը պետք է ապաարմատականացվի։ Սրանք երեք նախադրյալներ են Գազայի հատվածում Իսրայելի և նրա պաղեստինցի հարևանների միջև խաղաղության համար»,- գրել է Նեթանյահուն։


Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և շատ այլ երկրներ աջակցում են պաղեստինյան արմատական շարժումը ոչնչացնելու Իսրայելի մտադրությանը:


«Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է վերացնել նրա ռազմական ներուժը և վերջ դնել Գազայի հատվածի նկատմամբ նրա քաղաքական գերիշխանությանը»,- նշում է Իսրայելի վարչապետը:


Ինչպես նշում է Նեթանյահուն, անկլավի ապառազմականացման համար անհրաժեշտ է «ստեղծել ժամանակավոր անվտանգության գոտի Գազայի հատվածի պարագծի երկայնքով և տեսչական մեխանիզմ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին», որը կկանխի զենքի մաքսանենգությունը Գազայի տարածք:


Հոդվածում հրեական պետության վարչապետը նաև նշել է, որ պաղեստինյան քաղաքացիական հասարակությունը «անհրաժեշտ է վերափոխել այնպես, որ նրա ժողովուրդը աջակցի ահաբեկչության դեմ պայքարին, այլ ոչ թե ֆինանսավորի այն»:


«Երբ ՀԱՄԱՍ-ը ոչնչացվի, Գազայի հատվածը ապառազմականացվի, իսկ պաղեստինյան հասարակությունը կսկսի ապաակտիվացման գործընթաց, Գազան կարող է վերականգնվել, եւ Մերձավոր Արեւելքում ավելի լայն խաղաղության հեռանկարներն իրականություն կդառնան»,- եզրափակել է Նեթանյահուն: