Ինչպես են Բալասանյանները սեփականացրել Գյումրիի Սև բերդի շրջակայքի հողերը․ ՍիվիլՆեթ

Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը 2018-ին պաշտպանության նախարարությունից հետ է վերցրել Գյումրիի Ղարսի խճուղում գտնվող հողամասերը, բաժանել մի քանի մասերի ու օտարել տարբեր անձանց։ Հողամասերը հանվել են աճուրդի, վաճառվել, երբեմն նվիրատվության պայմանագրեր են կնքվել, ու ի վերջո դրանց սեփականատեր է դարձել Բալասանյանների ընտանիքը կամ նրանց մտերիմը։ Այս հողամասերը գտնվում են Սև բերդ ամրոցի շրջակայքում։ Սև բերդը ևս պատկանում է Բալասանյաններին։ Ամրոցի օտարման հետ կապված կար քրեական գործ, որը սակայն կարճվել է։ Այս մասին գրում է civilnet-ը։


Ղարսի խճուղի 2/7 հասցեում գտնվող հողերը՝ հայտնի Սև բերդ ամրոցի հարևանությամբ, Գյումրիի քաղաքապետարանը 2005-ին հանձնել էր պաշտպանության նախարարությանը։ Հողերի ընդհանուր մակերեսը մոտ 20 հա է։ 2014-ին հողամասը բաժանվել է երկու մասի՝ Ղարսի խճուղի 2/7 (19 հա) և Ղարսի խճուղի 2/8 (1 հա)։ 2018-ի փետրվարին Գյումրիի ավագանին որոշում է ՊՆ-ից հետ վերցնել այս հողերը՝ համայնքի կարիքների համար։ Մի քանի ամիս անց Գյումրիի նախկին քաղաքապետը Ղարսի խճուղի 2/7 հասցեի գույքը բաժանում է չորս մասի ու օտարում դրանք։


Մասերից մեկը Ղարսի խճուղի 2/9 հասցեի հողամասն է, որի մակերեսը եղել է մոտ 7 000 քմ, բայց հողամասն ընդլայնվել ու դարձել է 11 700 քմ։ Սամվել Բալասանյանն այս հողամասը ՊՆ-ից հետ վերցնելուց հետո՝ վաճառել է քաղաքացի Սիրական Մկոյանին՝ 15,3 մլն դրամով։ Վաճառված հողամասում պետք է կառուցվեր սպասարկման օբյեկտ։



Սիրական Մկոյանը Բալասանյանների շրջապատից է. Բալասանյանի որդիներին պատկանող «Գյումրվա պոլոզ», «Հին ջրաղաց», «Բալջի», «ԱԱ քընսալթինգ» ընկերություններում Մկոյանը աշխատում է որպես տնօրեն։ Երեք ամիս անց Մկոյանը այս հողամասը վաճառում է Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին։ Գործարքի գինը կազմում է 16 մլն դրամ։


Սամվել Բալասանյանը հիմնական հողամասից առանձնացրել է երկու այլ կտոր ևս՝ Ղարսի խճուղի 2/10-ը՝ ավելի քան 3 500 քմ մակերեսով, և 2/13-ը՝ 5400 քմ մակերեսով։ Նա փոփոխել է հողի գործառնական նշանակությունը՝ դարձնելով հասարակական կառուցապատման նշանակության։ Քանի որ Ղարսի խճուղու այդ հատվածը համընկնում է Սև բերդ հուշարձան շենքի պահպանման գոտու հետ, հողի նշանակության փոփոխության համար պետք էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թույլտվությունը, որը համայնքը ստացել է։


Նախկին քաղաքապետը նորից բաժանում է այս հողերը երկու մասի՝ Ղարսի խճուղի 2/10 և 2/15։ Ղարսի խճուղի 2/15-ը վաճառում է Գյումրիի բնակիչ Գարիկ Գրիգորյանին, որը Բալասանյանների ընտանիքի մտերիմն է, նրանց բիզնեսների հետ կապակցված անձ։  Առքուվաճառքի պայմանագրով՝ 3 420 քմ մակերեսով հողամասը Գրիգորյանին վաճառվել է 4,4 մլն դրամով։ Ըստ համապատասխան որոշման՝ այս հողամասի վրա պետք է կառուցվեր ավտոկայանատեղի։ Առանձնացված մյուս՝ Ղարսի խճուղի 2/10 հասցեի սեփականատեր շարունակում է մնալ Գյումրի համայնքը։


Ղարսի խճուղի 2/7-ից առանձնացված ամենամեծ կտորը Ղարսի խճուղի 2/11 հասցեի հողամասն է՝ մոտ 3,2 հա։


2018-ին Սամվել Բալասանյանը այս հողը կառուցապատման իրավունքով հանձնել էր «Սև ղուլ» ՍՊԸ-ին՝ 60 տարի ժամկետով։ Ընկերությունն այստեղ պետք է հանգստի գոտի կազմակերպեր, իրականացներ ներդրումներ։ Տարեկան վճար էր սահմանվել 171 000 դրամը։ «Սև ղուլ»-ի բաժնետերը Հարություն Բադիրյանն է։ Նրա եղբայրը՝ Նարեկ Բադիրյանը, «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրենն է, ինչպես նաև Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակ Բալասանյանին պատկանող «Գարեջրագործների միավորում» ՀԿ-ի անդամ։ Ավելին՝ Նարեկ Բադիրյանի ընկերություններից մեկի իրավաբանական հասցեն նույնն է, ինչ Բալասանյաններին պատկանող «Գյումրի» գարեջրի գործարանի Երևանի ներկայացուցչությանը՝ Ֆուչիկի փողոցում։



2014-ին, երբ դեռ Ղարսի խճուղի 2/7 հասցեի հողամասը հանձնված էր պաշտպանության նախարարությանը, հողամասից առանձնացվեց նոր հասցե՝ Ղարսի խճուղի 2/8-ը։ Դրա մակերեսը 1 հա է։ 2015-ին պաշտպանության նախարարությունը 13 մլն դրամով այս հողամասը վաճառում է գյումրեցի Սուրեն Ջանոյանին։ Ջանոյանը Բալասանյանների մտերիմն է, այժմ Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետն է։ Նա Գյումրիի քաղաքապետարանում պաշտոններ է զբաղեցնում 2017-ից, երբ դեռ քաղաքապետը Սամվել Բալասանյանն էր, մինչ այդ էլ եղել է Բալասանյաններին պատկանող «Գյումրի» գարեջրի գործարանի աշխատակից, որտեղ վարորդ-առաքիչից հասել է մինչև մատակարարման ու առաքման բաժնի ղեկավարի պաշտոնի։



Ջանոյանը ստանում է շինարարական թույլտվություն, հողի վրա կառուցում հասարակական նշանակության շինություններ։ 2016-ին Ջանոյանը 4,9 մլն դրամով հողամասն ու շինությունները վաճառում է Սամվել Բալասանյանի որդուն՝ Խաչատուր Բալասանյանին, թեպետ քաղաքապետարանից գույքը գնել էր 13 մլն դրամով։ Փաստացի 1 հա հողամասի գինը, դրա վրա կառուցված շինություններով նվազել է՝ համեմատած սկզբնական գնի հետ։ Հողամասի վրա այժմ կառուցված է սպասարկման երեք օբյեկտ, ջրավազան, պահակատուն, պարիսպներ և այլն։ Իրեն պատկանող հողամասի վրա Խաչատուր Բալասանյանն ավելի ուշ կառուցում է ութ տաղավար, որոնք օրինականացվում են 2018-ի հոկտեմբերին, երբ հայրը քաղաքապետ էր։


Գլխավոր դատախազությունը Ղարսի խճուղում Խաչատուր Բալասանյանին պատկանող հողերի հետ կապված պահանջում է վերացնել ավագանու, քաղաքապետի այն որոշումները, որոնցով օտարվել են այս հողերը։ Ըստ դատախազության՝ Ղարսի խճուղի 2/9 և 2/15 հասցեի հողամասերը հատուկ նշանակության էին և չէին կարող օտարվել։ Ինչ վերաբերում է Ղարսի խճուղի 2/8 հասցեին, դատախազությունից ՍիվիլՆեթին տեղեկացրել են, որ դրա օտարման գործընթացի հետ կապված կա քրեական վարույթ։


Սև բերդը Գյումրիում կառուցվել է 1830-ականներին։ Այն Ալեքսանդրապոլի պաշտպանական կարևորագույն հանգույցներից էր։ Սև բերդն ու շրջակայքն ընդգրկված են «Կումայրի» պատմամշակութային արգելոցի տարածքում։ Բերդը հանրապետական նշանակության հուշարձան է։


1995-ից Սև բերդը գտնվում էր պաշտպանության նախարարության հաշվեկշռում, 2005-ին այն օտարվել էր քաղաքացի Տիգրան Պետրոսյանին, ով 2012-ին վաճառել է Սամվել Բալասանյանին։ Բալասանյանները վերակառուցել են բերդը, այն դարձրել մշակութային-մարզական համալիր։ Բալասանյանը բերդի տարածքը բաժանել է երկու մասերի՝ դրանք հասցեավորելով Ղարսի խճուղի 2/2 (5 206 քմ և 3 300 քմ շինություններ) և Ղարսի խճուղի 2/14 (2 700 քմ հողամաս և 135 քմ շինություն): 2019-ի դեկտեմբերին Սամվել Բալասանյանն ու նրա կինն այս գույքը նվիրատվությամբ հանձնել են իրենց որդուն՝ Խաչատուր Բալասանյանին։


2020-ի սեպտեմբերին Սև բերդ ամրոցն 2005-ին օտարելու փաստով հարուցվեց քրեական գործ։ Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ ամրոցը պատկանում էր պաշտպանության նախարարությանն ու օտարման ենթակա չէր, քանի որ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հուշարձան էր։ Գործը քննում էր Հակակոռուպցիոն կոմիտեն։ Կոմիտեից ՍիվիլՆեթին փոխանցեցին, որ Սև բերդի օտարման հետ կապված քրեական գործը կարճվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով։


Խաչատուր Բալասանյանին է պատկանում նաև Ղարսի խճուղի 4/7 հասցեի հողամասը, որի վրա այժմ երկհարկանի շինություն է։ Շինությունը գտնվում է բերդ տանող ճանապարհին՝ բերդի ստորին հատվածում։ 2 333 քմ մակերեսով այս հողամասը եղել է համայնքապատկան։ 2017-ին հողամասն ու դրա վրա գտնվող 31 քմ մակերեսով հասարակական նշանակության շինությունը հանվել են աճուրդի։ Աճուրդում հաղթող է ճանաչվում Բալասանյանների ընտանիքի վստահելի Գարիկ Գրիգորյանը, ով հողի համար վճարում է 2,6 մլն դրամ։ Վեց ամիս անց նա հողամասն օտարում է Խաչատուր Բալասանյանին՝ 2 մլն դրամով՝ սկզբնական գնից էժան։



2021-ի օգոստոսին Խաչատուր Բալասանյանը քաղաքապետ հորից ստացել է շինթույլտվություն հանգստի, ժամանցային ու մարզական հավաքների կենտրոն կառուցելու համար։ Կառուցապատման ճարտարապետական մասի ալբոմից տեղեկանում ենք, որ շինությունը պետք է լիներ միահարկ։ Լրատվամիջոցը պարզեց, սակայն, որ Խաչատուր Բալասանյանն իրականում կառուցել է նաև երկրորդ հարկը։ Շինարարական աշխատանքներն այստեղ շարունակվում են։


Ղարսի խճուղի 4/7 հասցեի գույքի օրինականության հետ կապված դատախազությունում գործընթաց նախաձեռնված չէ։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Քաղաքականություն