Երևանի ավագանին հաստատեց 2024 թ. բյուջեն

Երևանի ավագանին ընդունեց 2024 թվականի քաղաքային բյուջեն հաստատելու մասին նախագծի որոշումը։ Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի Ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը։


«Երևան քաղաքի 2024թ. բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը նախատեսվել է 124 մլրդ 639 մլն դրամ։ Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 61 մլրդ 514 մլն դրամ։ ՀՀ պետական բյուջեից տրամադրված դոտացիաների գծով նախատեսվել է 14 մլրդ 136 մլն դրամ, այսինքն` 2023 թ. հաստատված ցուցանիշից 706 մլն դրամով ավելի։ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի նախագծի ծախսային մասը ծրագրվել է 124 մլրդ 917 մլն դրամի չափով։ Ծախսերի ամբողջ ծավալի 85.5 տոկոսը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին»,– նշեց Արևշատյանը։


Երևան քաղաքի 2024 թ. բյուջեի դեֆիցիտը 278 մլրդ 452 մլն դրամ կլինի։


Նա շեշտեց, որ բյուջեի նախագծով պաշտպանության ոլորտին հատկացվել է 70 մլն 610 հազար դրամ, տնտեսական հարաբերություններին` 30 մլրդ 480 մլն դրամ (խոշոր ծրագրերից են ասֆալտբետոնե ծածկի վերանորոգումը)։ Առողջապահության ոլորտին հատկացվելու է 343 մլն դրամ։


Երևանի հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է Աջափնյակ վարչական շրջանի մետրոյի կայարանի կառուցման համար 4 մլրդ դրամ հատկացնել, իսկ ենթակառուցվածքների նորոգման համար` 879 մլն դրամ։


Գումարներ են հատկացվելու նաև հանգստի գոտիների, զբոսայգիների ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի, թեքահարթակների կառուցման, նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգման և մի շարք այլ նախագծերի իրականացման համար։