ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 673 կգ կոկաին մեքենայում՝ Մոսկվայից ԵՄ տեղափոխելու համար
Մոսկվայում առգրավել են 673 կգ լատինաամերիկյան կոկաին՝ 2,5-ից մինչեւ 6,5 մլրդ ռուբլի գումարի չափով, որը նախատեսված էր Եվրամիություն տեղափոխելու համար, հայտնել է ԱԴԾ-ն (Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն): Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Կանխվել է միջազգային հանցավոր խմբավորման հերթական փորձը՝ օգտագործել Ռուսաստանի տարածքը թմրանյութերի տարանցիկ տեղափոխման և իրացման համար։ Մոսկվայում լատինաամերիկյան կոկաինի մեծածախ խմբաքանակ իրացնելու փորձեր են արձանագրվել։ Հաստատվել են Ռուսաստանի երկու քաղաքացիներ, որոնք Մոսկովյան տարածաշրջան են ժամանել սահմանամերձ սուբյեկտներից՝ հատուկ բազմափուլ թմրակացության անցկացման համար»,- նշել են գերատեսչությունում։
Նրանք պետք է Մոսկվայում ստանային ավելի վաղ Ռուսաստան առաքված կոկաինի առանձնապես խոշոր խմբաքանակ և տեղափոխեին այն մաքսանենգ ճանապարհով Եվրամիության երկրներ արտահանելու վայր: Դրա համար առաքիչներն օգտագործել են կեղծ անձնագրով վարձակալած տրանսպորտ, ինչպես նաեւ կեղծ անձնագիր եւ վարորդական վկայական։
Ձերբակալության ժամանակ թմրախմբի անդամներից առգրավվել է 673 կգ կոկաին, «որի մեծածախ արժեքը ռուսական սեւ շուկայում գերազանցում է 2,5 մլրդ ռուբլին»: Մանրածախ վաճառքը, ինչպես նշել են ԱԴԾ-ում, նարկոսինդիկատին կարող էր բերել առնվազն 6,5 միլիարդ ռուբլի:
Ձերբակալվածներին կալանավորել են, գերատեսչության քննչական վարչությունը նրանց դեմ քրեական գործ է հարուցել։ Ինչպես հավելել են հատուկ ծառայությունում, չարագործներին սպառնում է պատիժ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: