
ՌԴ-ում որոշ միգրանտների զրկել են քաղաքացիությունից․ հայտնի է պատճառը

Չելյաբինսկի մարզի երկու բնակիչների զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից, քանի որ նրանք զինվորական հաշվառման չեն կանգնել և չեն ծառայել բանակում: Այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ մերձավոր արտերկրի նախկին բնակիչները ոչ միայն չեն կատարել «Զինապարտության մասին» Դաշնային օրենքի դրույթները, այլև կեղծ տվյալներ են ներկայացրել՝ բանակում ծառայություն չանցնելու համար:
Արդյունքում Չելյաբինսկի կենտրոնական դատարանը որոշել է ամբաստանյալներին զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից։ Դրանից հետո տղամարդիկ բողոքարկել են Չելյաբինսկի շրջանային դատարան, սակայն այնտեղ նրանց մերժել են։
Թե երբ և որտեղ են արտաքսելու նախկին ռուսաստանցիներին, դեռ չեն հստակեցրել։
Մինչ այդ Սանկտ Պետերբուրգում ձերբակալել էին միգրացիայի հարցերով տարածաշրջանային վարչության նախկին պետին, որին մեղադրել էին 100 հազար միգրանտների անօրինական օրինականացման մեջ: Միգրացիայի վարչության ղեկավարի մասնակցությունը միգրանտների անօրինական օրինականացմանը պարզել են ներքին գործերի նախարարության սեփական անվտանգության աշխատակիցներն ու տարածաշրջանային անվտանգության դաշնային ծառայության նրանց գործընկերները: