
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գոյություն չունի․ նրանք դա հորինել են իրենց երազներում․ Ալիև

Իրենց տները լքելը նախ և առաջ նրանց (ղարաբաղցի հայերի – խմբ.) սեփական որոշումն էր։ Այս մասին հայտարարել Է նախագահ Իլհամ Ալիևը «Եվրանյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ղարաբաղի հայերի հետ մեր հրապարակային շփումը, ինչպես նաև այն, ինչ արեցինք հետո, ցույց տվեց, որ մենք ուզում էինք, որ նրանք մնան։ Մենք բացահայտ հայտարարել ենք այդ մասին։ Եվ հակաահաբեկչական գործողության ավարտից հետո ադրբեջանական ժողովրդին ուղղված իմ ուղերձում ես ասացի, որ նրանք կարող են մնալ»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարն ասել է. «բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, ունեն դրա իրավունքը: Նրանց գույքը պատշաճ կերպով պաշտպանված է: Բոլոր պատմական և կրոնական օբյեկտները գտնվում են պատշաճ պահպանության տակ։ Վերադառնալու համար նրանք պետք է պահպանեն որոշակի կանոններ։ Ես այդ մասին խոսել եմ հակաահաբեկչական գործողության մեկնարկից շատ ամիսներ առաջ։ Նրանք, ովքեր ցանկանում են մնալ, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար: Նրանք չեն կարող ապրել Ադրբեջանում՝ ասելով, որ ապրում են այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում», քանի որ այդպիսի հանրապետություն գոյություն չունի։ Նրանք դա հորինել են իրենց երազներում, իրենց առասպելներում: Այնպես որ, եթե նրանք ցանկանում են ապրել Ադրբեջանում որպես Ադրբեջանի քաղաքացիներ, ապա, իհարկե, նրանք կարող են դա անել»:
Միևնույն ժամանակ, Ալիևի խոսքով, Հայաստանն արհեստականորեն ձգձգում է խաղաղության գործընթացը։
«Խաղաղության հասնելու և խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ լավատեսությունը տարեվերջին նվազել է։ Բայց կարծում եմ, որ ժամկետներն այստեղ այդքան էլ կարևոր չեն։ Կարևոր է երկու երկրների օրակարգը։ Հենց Ադրբեջանն է ենթարկվել օկուպացիայի և էթնիկ զտման։ Մեկ միլիոն ադրբեջանցիներ տեղահանվեցին Հայաստանի կառավարության կողմից, իսկ գրեթե 15 հազար քառակուսի կիլոմետր տարածքը դատարկվեց»,- հայտարարել է նա։
Երկրի ղեկավարի խոսքով՝ եթե խաղաղության համաձայնագիրը չստորագրվի, դա շատ վատ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։
«Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը պաշտպանված լինի ցանկացած ռիսկերից ։ Եվ, իհարկե, մենք ցանկանում ենք, որ Հայաստանը և այսօր, և ապագայում երբեք կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջականությունը և լիովին հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ ցանկացած տարածքային պահանջից»,- ընդգծել Է Իլհամ Ալիևը։
Ըստ նրա՝ գրեթե երեք տարվա բանակցային գործընթացի ընթացքում Հայաստանը մշտապես ցանկացել է խաղաղության համաձայնագրում ներառել Ղարաբաղում հայկական փոքրամասնությանը վերաբերող դրույթ:
«Քանի որ նրանք ցանկանում են, որ ներառվի Ադրբեջանում հայկական փոքրամասնության հարցը, ապա եկեք ներառենք նաև երեսուն տարի առաջ Հայաստանից վտարված ադրբեջանական փոքրամասնության հարցը այդ երկրում։ Իսկ ադրբեջանցիները Հայաստանում շատ ավելի շատ էին, քան հայերը Ադրբեջանում՝ գրեթե 300 հազար մարդ։ Այսինքն՝ մեր դիրքորոշումն այն էր, որ դա պետք է փոխադարձ լինի։ Եվ կարևոր չէ, որ ադրբեջանցիները վտարվել են երեսուն տարի առաջ, իսկ հայերը որոշել են հեռանալ երկու ամիս առաջ»,- հավելել է նա։