ԱՄՆ-ն՝ Չինաստանի հետ ռազմական շփումների շուտափույթ վերականգնման մասին

ԱՄՆ-ն և Չինաստանը դեռևս չեն վերսկսել շփումները երկու երկրների զինվորականների միջև, որոնց մասին պայմանավորվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Սան Ֆրանցիսկոյում կայացած գագաթնաժողովում: Սպիտակ տունը ցանկանում է արագացնել զինվորականների միջեւ կապի ալիքի վերականգնումը՝ լարվածությունը նվազեցնելու համար:


Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին նախագահական օդանավում լրագրողներին ասել է, որ նման բանակցությունները կնվազեցնեն սխալ հաշվարկների եւ թյուրիմացությունների թիվը: Միևնույն ժամանակ, Քիրբին նշել է, որ հետաձգման պատճառը, հնարավոր է, այն է, որ Չինաստանը դեռ չի նշանակել գեներալ Լի Շանֆուի իրավահաջորդին, որը հոկտեմբերին հեռացվել էր Չինաստանի պաշտպանության նախարարի պաշտոնից: Լին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի գործընկերն էր բանակցություններում։ Քիրբիի խոսքով ՝ Բայդենի վարչակազմը հույս ունի, որ երկու երկրների զինված ուժերի միջեւ շփումները կլինեն համապարփակ եւ կներառեն ինչպես բարձրագույն ղեկավարությանը, այնպես էլ հրամանատարներին կոնկրետ աշխարհագրական շրջաններում, որտեղ հակամարտություններ են տեղի ունենում:


Վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի և Չինաստանի զինված ուժերը Թայվանի նեղուցում և Հարավչինական ծովում հայտնվել են մի քանի վտանգավոր իրավիճակներում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պայմանավորվել են նոյեմբերին կայացած գագաթնաժողովում վերսկսել ռազմական շփումները, որոնք ընդհատվել էին Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիի ՝ 2022 թվականի օգոստոսին Թայվան կատարած այցից հետո: Չինաստանը ժողովրդավար կերպով կառավարվող Թայվանն իր տարածքի մի մասն է համարում։


Թայվանը ուրբաթ օրը հայտարարել է, որ 12 չինական կործանիչներ հատել են սահմանը, ինչը հանգեցրել է լարվածության աճին Թայվանի նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ: Դրանք տեղի կունենան հունվարի 13-ին, և Սպիտակ տունը պատրաստվում է ուշադիր հետևել դրանց ընթացքին: