Հարցվածների 60%-ը համարում է, որ կոռուպցիայի մակարդակը Հայաստանում աճել է

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն Կենտրոնը հայտարարություն է տարածել կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշված է.


«Կոռուպցիայի դեմ պայքարի իրավիճակի էական բարելավում արձանագրվեց միայն 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո: Հանրային տրամադրություններում նկատվեց զգալի փոփոխություն։ ԹԻ ԿԸՀ արժեքը 2019-2020 թվականներին աճեց միանգամից 14 միավորով՝ «լճացման» տարիների 35 միավորից հասնելով 49-ի։ 2021 թվականին այն մնաց անփոփոխ, իսկ 2022 թվականին նահանջեց՝ իջնելով 46-ի։


ԹԻ-ն այդ նահանջը գնահատեց որպես «անհանգստացնող» և արձանագրեց, որ այն «արտացոլում է զսպումների և հակակշիռների պահպանման, իրավապահ մարմինների բարեվարքության, դատական համակարգի անկախության ապահովման և քաղաքացիական տարածքի պաշտպանության հարցերում առկա հետընթացը»։


Նմանապես անհանգստացնող են 2023 թ․ հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները։ Հարցվածների 73%-ը գտնում է՝ կոռուպցիան երկրի համար շատ լուրջ կամ որոշ չափով լուրջ հիմնախնդիր է, և միայն 25%-ի կարծիքով է այն շատ փոքր կամ որոշ չափով փոքր հիմնախնդիր։


Հարցվածների 60%-ը համարում է, որ վերջին 12 ամիսների ընթացքում կոռուպցիայի մակարդակը Հայաստանում աճել է կամ մնացել է անփոփոխ։ Հարցվողների միայն 2%-ն է նշել կոռուպցիայի կանխարգելումը՝ որպես կառավարության վերջին 6 ամիսների ամենամեծ նվաճում։ Առավել մեծ խումբը՝ 43%-ը, նշել է, որ ոչ մի նվաճում կառավարությունը չի ունեցել։Կառավարության կողմից անցկացվող հակակոռուպցիոն բարեփոխումների մասին հարցին հարցվողների 46%-ը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել, իսկ 32%-ը ասել է, որ տեղյակ չէ այդպիսի բարեփոխումների մասին։


Հարցվածների 43%-ը կարծում է, որ վերջին 6 ամիսների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարը որոշ չափով կամ զգալիորեն բարելավվել է, իսկ 23%-ի կարծիքով այն որոշ չափով կամ զգալիորեն վատացել է։ Այս պատասխանները հատկապես խնդրահարույց են 2018 և 2019 թթ․ նույնանման հարցումների արդյունքների համադրմամբ։ Ընդամենը 4-5 տարիների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարում իրավիճակի բարելավում ընկալողների տեսակարար կշիռը երկրում նվազել է մոտ 2 անգամ (82%-ից հասնելով 43%-ի), իսկ վատթարացում ընկալողներինը՝ աճել 11․5 անգամ (2%-ից հասնելով 23%-ի)»։

Քաղաքականություն