«Երևանում ամանորյա ձևավորումն ամբողջությամբ նույնն է լինելու, ինչ նախորդ տարի, միայն 11 մլն դրամ ծախս է ավելացել». Լևոն Սարդարյան

Երևանում ամանորյա ձևավորումն ամբողջությամբ նույնն է լինելու, ինչ նախորդ տարի էր, ընդամենը մեկ բացառությամբ, բայց քաղաքապետարանը 11 մլն դրամով ավելի գումար է տրամադրել այս նպատակի համար։ Լրագրողների հետ զրույցում ամանորյա զարդարանքն իրականացնող «Սինեմարտ» ընկերության խոսնակ Լևոն Սարդարյանը նշեց` չի ձևավորվի միայն մարզահամերգային համալիր տանող աստիճանների հատվածը, փոխարենը կզարդարվի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգին։


Սարդարյանը շեշտեց` 2023 թվականի ամանորյա զարդարանքն ապահովելու համար «Սինեմարտ» ընկերության հետ կնքվել է մոտ 191 մլն դրամ արժողությամբ պայմանագիր, իսկ այս տարի` 202 մլն դրամի։


«Գումարը փոփոխվել է, քանի որ մետաղե կոնստրուկցիաներ են արվում, ինչպես նաև աշխատանքները գիշերային ժամերին են արվում` հավելյալ ծախս է»,-նշեց նա։


Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել էր` գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կվառվեն դեկտեմբերի 10-15-ը։

Քաղաքականություն