Փոփոխություններ՝ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններն ասել է, որ նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել լիազորող նորմ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգի և կարգավիճակի որոշման ընթացակարգի համար:
Զեկուցողի խոսքով նաև առաջարկվում է օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քաղաքացի ճանաչվելու լիազորության ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականը։ Սա առնչվում է ՀՀ-ում դեռևս բնակվող ազգությամբ այն հայերին, որոնք նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիներ են և չունեն որևէ երկրի քաղաքացիություն:
Նախաձեռնությամբ հստակեցվում է երեխաների քաղաքացիությունը դադարեցնելու հետ կապված հարաբերությունները:
«Այն դեպքում, երբ երեխան կարող է դառնալ քաղաքացիություն չունեցող անձ, նրան ՀՀ քաղաքացիությունը կփոխանցվի օրենքի ուժով»,- նշել է Ղազարյանը:
Փոփոխություններ են նախատեսվում նաև ՀՀ քաղաքացիության դադարեցումից հետո անօրինական միգրացիայի կանխարգելմանը և անչափահասի քաղաքացիության դադարեցմանն առնչվող դրույթներում: