
Ինչ կարժենա մայրաքաղաքի այս տարվա ամանորյա զարդարանքը

Երևանում ամանորյա ձևավորումն ամբողջությամբ նույնն է լինելու, ինչ նախորդ տարի էր, ընդամենը մեկ բացառությամբ, բայց քաղաքապետարանը 11 մլն դրամով ավելի գումար է տրամադրել այս նպատակի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ամանորյա զարդարանքն իրականացնող «Սինեմարտ» ընկերության խոսնակ Լևոն Սարդարյանը։
Նա մանրամասնեց՝ չի ձևավորվի միայն մարզահամերգային համալիր տանող աստիճանների հատվածը, փոխարենը կզարդարվի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգին։
Սարդարյանը շեշտեց` 2023 թվականի ամանորյա զարդարանքն ապահովելու համար «Սինեմարտ» ընկերության հետ կնքվել է մոտ 191 մլն դրամ արժողությամբ պայմանագիր, իսկ այս տարի` 202 մլն դրամի։
«Գումարը փոփոխվել է, քանի որ մետաղե կոնստրուկցիաներ են արվում, ինչպես նաև աշխատանքները գիշերային ժամերին են արվում` հավելյալ ծախս է»,–ասաց նա։
Sputnik Արմենիայի հարցին, թե ինչպես են հետագայում փակվելու Հանրապետության հրապարակի շենքերի պատերին արված անցքերը, ընկերության խոսնակն ընդգծեց` քարի փոշին հավաքվել է, պահեստավորվել, որպեսզի գարնանը լցոնման աշխատանքներ արվեն։ Ճշտող հարցին, թե ինչպես է քարի փոշու հավաքման գործընթացն արվել, Սարդարյանը նշեց. «Աշխատակիցը ծակերն արել է, հետո հենց ինքն էլ հավաքել փոշին»։
Սարդարյանի խոսքով` այս տարի այլ տրամաբանությամբ են արվել և արվում անցքերը։
«Սյուների և կամարների վրա մետաղական կոնստրուկցիաներ են արվել ու դրանց միջոցով լույսերն ամրացվել են։ Փոքր դիամետրով միջամտություններ են իրականացվել, ընդ որում` սյուների շուրջ կոնստրուկցիաները 3 կետից են ամրացված և՛ վերևում, և՛ ներքում»,– ասաց Սարդարյանը։
Նա նշեց, որ ըստ պայմանագրի` մայրաքաղաքի ամանորյա լույսերը միացնելու համար ընկերության հետ կնքված պայմանագրով վերջնաժամկետ է նշված դեկտեմբերի 25-ը։