
Հռոմի պապի մոտ թոքաբորբ է ախտորոշվել. նա կիրակնօրյա քարոզը վարել է տեսակապի միջոցով

Հռոմի Ֆրանցիսկոս պապը այսօր տեղի ունեցած կիրակնօրյա քարոզի ժամանակ, որը տեղի է ունեցել
տեսակապի միջոցով, ասել է, որ հիվանդ է թոքաբորբով, գրում է իտալական ANSA գործակալությունը։
«Այսօր ես չեմ կարողանա խոսել (Առաքելական պալատի) պատուհանից,
քանի որ թոքաբորբի խնդիր ունեմ»,- ասել է Ֆրանցիսկոսը իր նստավայրից։ Նա նաև զգուշացրել
է, որ կիրակնօրյա քարոզի հիմնական մասը կկարդա Վատիկանի պետական քարտուղարության
աշխատակից Պաոլո Բրայդան, ով զբաղվում է քարոզներ գրելով։
Ըստ Vatican News-ի՝ աղոթքից հետո ուղերձում Ֆրանցիսկոս պապը նշել է Մերձավոր Արևելքում ժամանակավոր զինադադարի մասին, որի շրջանակներում ՀԱՄԱՍ-ը կազատի 50 պատանդ իսրայելական բանտերում գտնվող 150 պաղեստինցի բանտարկյալների դիմաց: Պոնտիֆիկոսը կոչ է արել հավատացյալներին աղոթել բոլոր պատանդների ազատ արձակման և Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումները շարունակելու համար։
Բացի այդ, Պապը հիշատակել է նոյեմբերի 25-ը՝ Գոլոդոմորի (Խմբ.՝ Զանգվածային սով Ուկրաինական ԽՍՀ տարածքում 1932–1933 թթ.) հիշատակի օրը, ընդգծելով, որ «վերքը բուժվելու փոխարեն միայն ավելի ցավոտ է դառնում պատերազմի պատճառով», և կոչ է արել հավատացյալներին աղոթել շուտափույթ խաղաղության հասնելու համար։
Բացի այդ, Ֆրանցիսկոս պապը նշել է, որ աշխարհին սպառնում են ոչ միայն ռազմական հակամարտությունները, այլև կլիմայի փոփոխությունը։ Նա նաև հաստատել է, որ կմեկնի Դուբայ՝ կլիմայի փոփոխությանը նվիրված ՄԱԿ-ի համաժողովին:
Նախօրեին Վատիկանի մամուլի ծառայությունը հայտարարեց Ֆրանցիսկոսի հետ նախատեսված պաշտոնական լսումների չեղարկման մասին՝ պոնտիֆիկոսի մոտ «թեթև գրիպի» ախտանիշների պատճառով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հռոմի պապը համակարգչային տոմոգրաֆիա է անցել՝ «թոքային բարդությունների վտանգը վերացնելու համար»։ Արդյունքները բացասական էին։