Կստեղծվի ոստիկանության գվարդիա՝ նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների նախագծերը: Նշվում է, որ ներկայում ոստիկանության զորքերի խնդիրները, գործունեության իրավական հիմքերն ու սկզբունքներն առավելապես կանոնակարգված են «Ոստիկանության զորքերի մասին» օրենքով։

«Պաշտպանության մասին» օրենքը ոստիկանության զորքերը դասում է «այլ զորքերի» թվին, ինչի ուժով՝ դրա ղեկավարման և կառավարման գործառույթները խաղաղ ժամանակ օրենքով սահմանված կարգով իրականացնում է ներքին գործերի նախարարությունը, իսկ ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ զորքերն անցնում են ԶՈւ-ի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո։ Այլ զորքերի մեջ ներառվելու հետևանքով ոստիկանության զորքերի վրա տարածվում են նաև Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի և ԶՈւ կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի դրույթները։

Այսպիսով, ինչպես ոստիկանության զորքերը, այնպես էլ դրանց ծառայողներն ունեն երկակի կարգավիճակ, այս ծառայությանը բնորոշ է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին անվտանգության գործառույթների զուգակցումը, ինչը չի բխում ոստիկանության ընդհանուր խնդիրներից։ «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքը սահմանելու է ոստիկանության գվարդիայի նոր կարգավիճակը, կառուցվածքը, ոստիկանության գվարդիայի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները, ներառյալ՝ նրանց կողմից ուժային միջոցներ կիրառելու դեպքերը, հիմքերը և այլն։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

 

Քաղաքականություն