
Մարզերում կսահմանափակվի հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի կիրառումը

ՀՀ կառավարությունը կսահմանափակի հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի կիրառումը։ Այս որոշումն ընդունվեց կառավարության նիստի ժամանակ։
Ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառման շրջանակն ըստ տարիների և ըստ մարզերի աստիճանաբար կրճատվում է։
«Հիմնական նպատակները երկուսն են` մարզերում քաղաքաշինական ու տնտեսական ակտիվությունը խթանող տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների որոշումների կայացմանը ժամանակի մեջ խրախուսելը։ Եվ նաև` եկամտահարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակի հետագա` երկարաժամկետ հեռանկարում, ընդլայնումը զսպելը»,– մանրամասնեց նախարարը։
Այդպիսով, 2027 թ. հունվարի 1–ից հետո եկամտահարկը հիփոթեքային վարկերի մասով չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է Երևանի հարակից Արագածոտն, Արմավիր, Կոտայք մարզերում։ Ինչպես նաև 2029 թ. հունվարի 1–ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով եկամտահարկը չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է այլ մարզերում։
Սահմանափակումները չեն կիրառվելու ՀՀ սահմանամերձ բնակավայրերում։
«2025 թ. հունվարի 1–ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով վարկառուի և առկայության դեպքում նաև համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտահարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը»,– հավելեց նախարարը։
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ 2018-ից մինչ օրս ավելի քան 35 հազար ընտանիք հիփոթեքային վարկերի մասով եկամտահարկի վերադարձման համակարգով ձեռք է բերել բնակարան։ Վարչապետի խոսքով` 2022 թվականի արդյունքներով՝ 35 մլրդ դրամի եկամտահարկի վերադարձ է իրականացվել, որի 90 տոկոսը հիփոթեքային վարկի մասով է եղել։
Փաշինյանը նախագծին հավանություն տվեց, միաժամանակ հայտարարելով՝ օրակարգից այն ժամանակավորապես կհանեն` մինչև որոշ նրբություններ շինարարական կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում կհստակեցվեն։