
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «ՄԼ Մայնինգ» ընկերության բեռնատարները երթևեկելիս քանդում են ճանապարհը. «Ժողովուրդ»

Հակակոռուպցիոն դատարանի աշխատակիցները կրկին ահազանգում են. «ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ կրքերը չեն դադարում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ընկերությունը փոխկապակցված է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ: Օրաթերթը գրում է, որ այս ընկերությունը լուրջ խնդիրների առջեւ է կանգնեցրել Հակակոռուպցիոն դատարանի աշխատակիցներին: Մասնավորապես, «ՄԼ Մայնինգ» ընկերության գրասենյակը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հարեւանությամբ, ընկերության մեքենաները, այդ թվում՝ բեռնատարները, երթեւեկելիս քանդում են ճանապարհները, ինչն էլ հետո դժվարացնում է այդ ճանապարհով այլ մեքենաների երթեւեկությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի կողմից արված կադրերում երեւում է, որ ճանապարհին քարեր են, այն դժվարանցանելի է, եւ պատճառն էլ հենց այս ընկերության շինարարական գործընթացին մասնակից մեքենաներն են:
«Ժողովուրդ»-ը գրում է նաև, որ նոյեմբերի 3-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է «ՄԼ Մայնինգ» ընկերությանը, եւ նրանք նախարարության մերժումները վիճարկում են դատարանում:
Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակցություն չի տվել «ՄԼ մայնինգ» ընկերությանը, որ այն Արագածոտնի մարզի Արտենիի պեռլիտային ավազների հանքավայրի «Հարավ-արեւմտյան» տեղամասում արդյունահանման աշխատանքներ իրականացնի, ինչի համար «ՄԼ մայնինգ»-ը դատի է տվել նախարարությանը՝ պահանջելով դատարանին պարտավորեցնել նախարարությանը ՀՀ Արագածոտնի մարզի Արտենիի պեռլիտային ավազների հանքավայրի «Հարավ-արեւմտյան» տեղամասի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը դրական պետական փորձաքննական եզրակացություն տրամադրել: