
Դատախազությունը պահանջում է Սերժ Սարգսյանից բռնագանձել մոտ կես միլիարդ դրամ

Դատախազությունը պահանջում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից բռնագանձել մոտ կես միլիարդ դրամ։ Դատական նիստից հետո տեղեկությունը հայտնեց Սերժ Սարգսյանի փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Հակոբյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Այսօրվա դատական նիստի ընթացքում գործով մեղադրող դատախազները
հայցադիմում ներկայացրին։ Նրանք մեղադրանքում առաջադրված գումարի չափով քաղաքացիական
հայց ներկայացրին՝ գումարի բռնագանձման պահանջով»,-ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ Սարգսյանի պաշտպանական կողմը 14 օր ժամանակ է խնդրել։
«Այդ ժամկետը խնդրեցինք, որպեսզի ծանոթանանք և պատճառաբանված առարկությունները ներկայացնենք, թեև ի սկզբանե հայտարարել ենք, որ ամբողջությամբ չենք ընդունում հայցադիմումը»,-ընդգծեց Հակոբյանը։