Կստեղծվի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խորհուրդ․ ՀՀ ՄԻՊ

Ներկայումս ընթանում են Պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման խորհրդի ձևավորման աշխատանքները, որի կազմում ընդգրկվել են նաև հրեական համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

 

Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության (Delegación de Asociaciones Israelitas Argentinas) նախագահ Խորխե Կնոբլովիցի ղեկավարած պատվիրակությանը:

 

«Պաշտպանն ընդգծել է ինչպես հրեաների, այնպես էլ ազգային փոքրամասնությունների այլ համայնքներին պատկանող անձանց իրավունքների, ներառյալ՝ ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորման, հանրային կյանքին արդյունավետ մասնակցության ապահովման կարևորությունը:
 

Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ներկայումս ընթանում են Պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման խորհրդի ձևավորման աշխատանքները, որի կազմում ընդգրկվել են նաև հրեական համայնքի ներկայացուցիչներ»,– նշվում է հաղորդագրության մեջ։

 

Նշվում է, որ հանդիպման շրջանակներում  Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, անդրադարձել առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին:

Քաղաքականություն