ՀՀ քաղաքացիները կարող են պարզեցված կարգով հաշիվներ բացել ռուսական բանկերում․ Միշուստին

Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել, որը սահմանում է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն ու իրավաբանական անձինք կարող են պարզեցված կարգով հաշիվներ և ավանդներ բացել ռուսական բանկերում: Փոխանցում է Ведомости-ն։

 

«Դրա համար օտարերկրյա քաղաքացիները պետք է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացնեն իրենց երկրում գտնվող վարկային կազմակերպությանը՝ նախքան Ռուսաստան մուտք գործելը։ Ժամանելուն պես նրանք արդեն կկարողանան վճարումներ կատարել մեր բանկերում»,- փոխվարչապետների հետ խորհրդակցության ժամանակ ասել է ՌԴ վարչապետը: 

 

Միշուստինը հավելել է, որ նման որոշումը գործընկեր պետությունների գործարար համայնքների միջև փոխգործակցությունը բարելավելու համար է: 

 

Միշուստինի խոսքով՝ ցանկում ներառվել են Բելառուսը, Ղազախստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և մի շարք այլ բարեկամ երկրներ:

 

 

Ավելի վաղ Ведомости-ն գրել էր նախարարների կաբինետի կողմից այն երկրների ցուցակի հաստատման մասին, որոնց բանկերը կարող են նույնականացնել իրենց քաղաքացիներին և ընկերություններին Ռուսաստանում ֆինանսական գործարքներ իրականացնելու և ռուսական բանկերում հաշիվներ բացելու համար: 

 

Միշուստինի հնչեցրած երկրներից բացի, ցուցակում ընդգրկվել են Հայաստանը, Ադրբեջանը, Ալժիրը, Բահրեյնը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Կատարը, Ղրղզստանը, Քուվեյթը, Մալայզիան, Մոնղոլիան, ԱՄԷ-ն, Օմանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թաիլանդը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:

 

 

Քաղաքականություն