Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը դրված է սեղանին․ Կանադայի արտգործնախարար
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին։ Կանադան ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և ակնկալում, որ կհարգվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսում հայտարարեց Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին։
«Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին։ Կանադան բարձր է գնահատում Հայաստանի ջանքերն՝ ուղղված խաղաղության և կայունության ամրապնդմանը Հարավային Կովկասում։ Բոլորս համակարծիք ենք, որ դեռ պետք է ավելին անել։ Կանադան կոչ է անում Ադրբեջանին լիարժեքորեն հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և վերահաստատում է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքին հետևելու կարևորությունը։ Կանադան նաև կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հարգել Լեռնային Ղարաբաղից վերջերս տեղահանված հայերի վերադարձի իրավունքը և բարի կամք դրսևորելով՝ ապահովել մարդասիրական օգնությունների անխոչընդոտ հասանելիությունը Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Մեր գործընկերների հետ շարունակաբար աշխատում ենք, որպեսզի մեղմենք Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց նկատմամբ չհիմնավորված ռազմական օպերացիայի հետևանքները, առավել ևս, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ամիսներ շարունակ գտնվում էին անօրինական շրջափակման մեջ»,- ասաց Կանադայի արտգործնախարարը։
Նախարարը հավելեց, որ շարունակաբար աշխատում են, որպեսզի հակամարտության համար բանակցությունների միջոցով գտնվի տևական լուծում։
«Կանադան ավելացնում է Լեռնային Ղարաբաղից հեռացած անձանց համար նախատեսված մարդասիրական աջակցությունը՝ ընդհանուր գումարը հասցնելով 3,9 միլիոն դոլարի։ Դրա մեջ մտնում է լրացուցիչ մեկ միլիոն դոլարի ֆինանսավորումը ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակին՝ ուղղված մարդկանց կյանքեր փրկելուն։ Եվս 2,5 միլիոն դոլարի ֆինանսավորում ԿԽՄԿ-ին, որը կօգնի մեղմել տառապանքն ու հրատապ խնամք կազմակերպել նրանց համար, ովքեր այս պահին դրա կարիքն ունեն, ովքեր հանգամանքների բերումով տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից՝ հարյուրամյակներ շարունակ այն համարելով իրենց հայրենիքը»,- նշեց Մելանի Ժոլին։
Կանադայի արտգործնախարարը տեղեկացրեց, որ վաղը կմեկնի Ջերմուկ՝ տեղում ծանոթանալու մարդասիրական ճգնաժամով պայմանավորված իրավիճակին, կհանդիպի տեղահանված ընտանիքներին՝ նրանց առնչվող հարցերը քննարկելով ՏԻՄ ղեկավարների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
Կարմիր խաչը հաստատեց` այցելել է Արցախի նախկին նախագահներին և այլ պաշտոնատար անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ պահվող Արց...
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...