
Արդյո՞ք ԱՄՆ-ն կպաշտպանի ՀՀ-ին ռուսական պոտենցիալ ագրեսիայից․ հարց՝ պետդեպի փոխխոսնակին

Վաշինգտոնը հարգում է Միջազգային քրեական դատարանին միանալու յուրաքանչյուր երկրի իրավունքը, այդ թվում՝ Հայաստանի, որ պարտավորություն է ստանձնել խթանելու արդարությունը, պատասխանատվությունը՝ ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը սպառնում է Հայաստանին հենց իր կատարած քայլի համար, արդյո՞ք Միացյալ Նահանգները կպաշտպանի Հայաստանին ռուսական պոտենցիալ ագրեսիայից, Պատելը միայն շեշտել է՝ Միացյալ Նահանգները շարունակում է շփումները Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակներում՝ արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու համար:
«Պատահական չէ, որ Միացյալ Նահանգները վերջին շաբաթների ընթացքում և դրանից հետո, կրկնում է Լեռնային Ղարաբաղում ավելի երկարաժամկետ, անկախ, միջազգային դիտորդական առաքելության ստեղծելու կոչը՝ վստահ լինելու, որ էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը պաշտպանված կլինեն», - ասել է Պատելը։
Հարցին՝ համաձա՞յն է այն մտավախությունների հետ, թե հատկապես այն բանից հետո, երբ հայերը լքեցին Ղարաբաղը, ռուսական խաղաղապահները ոչ թե «Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու, այլ Ղարաբաղի կտորը պահելու համար են», Պատելը պատասխանել է․ - «Պարզապես չեմ ուզում ենթադրություններ անել։ Ես կկրկնեմ Մեթյու Միլլերի ասածը՝ նման ներկայությունը շարունակում է մտահոգիչ լինել: Սակայն անում ենք ամեն ինչ, որպեսզի ունենանք արժանապատիվ և տևական խաղաղություն»:
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը երեկ վավերացրեց Հռոմի ստատուտը։ Հայաստանի իշխանությունները Հռոմի կանոնադրությանը միանալով ցանկանում են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար, մինչդեռ Կրեմլը հայտարարում է, որ Հռոմի ստատուտի վավերացումը ճիշտ քայլ չէ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հետ, որն այս քայլը հիմնավորել է երկրի անվտանգության կարիքներով։