ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բադասյանը՝ վրացական համարանիշներով մեքենաների ներմուծման մասին
Եթե ես և դուք ուզում ենք մեքենա բերել և Հայաստանում վարել, պետք է բերենք, մաքսազերծենք և վարենք. հիմա ինչու մենք պետք է մաքսազերծման վրա գումար ծախսենք, հայտարարագիր ներկայացնենք, վճարենք բոլոր մաքսերը, տուրքերը, հարկերը, իսկ այդ մեխանիզմով մարդիկ չվճարեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով վրացական համարանիշներով Հայաստանում մեքենա վարող վարորդների բողոքներին:
«Այստեղ ամբողջ քննարկման աբսուրդն այն է, որ վրացական համարանիշը նախատեսված է Վրաստանի տարածքում մեքենա վարելու համար, Հայաստանում պետք է ունենալ հայկական համարանիշի: Ընդ որում, կան բացառություններ, երբ մարդը ժամանակավոր գալիս է Հայաստան, իրեն տրված է հնարավորություն իր մեքենայով գալ Հայաստան և դուրս գալ: Երբ այս մեխանիզմն օգտագործվում է մեքենա չմաքսազերծելու, բայց այդ մեքենան մշտապես ՀՀ տարածքում պահելու համար, և դուք հայտնվում ենք անհավասար վիճակում»,- ասել է Բադասյանը:
Միաժամանակ նա նկատել է, որ այստեղ կա մի հարց. «Երբ պետությունը, ի դեմս ՊԵԿ-ի, դրան անմիջապես չի արձագանքում, չի ասում՝ այդ ինստիտուտը դրա համար չի, մարդիկ էլ ասում են՝ բա ո՞նց ենք 3 տարի դրանից օգտվել, հիմա ՊԵԿ-ը ասում է՝ էլ չես կարող: Դրա համար, մենք կլսենք մեր քաղաքացիներին եւ այնպիսի կարգավորումներ կընտրենք, որ միանգամից այս հարաբերությունները չխզվեն: Ես համաձայն եմ, որ ՊԵԿ-ն այստեղ մեղավորություն ունի, որովհետև պետք է այդ ամենին արագ արձագանքեր: Ես հիմա այդ մարդկանց հորդորում եմ այդ ցայտնոտ վիճակից դուրս գան»,-ասել է նա՝ հավելելով․
«Մենք ինչ որոշում էլ կայացնենք, անպայման լսելու ենք մարդկանց, ողջամիտ ժամկետներ ենք քննարկելու, որ իրենք ժամանակ ունենան հարմարվելու նոր վիճակին»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ վարորդներ օգոստոսի 28-ին, ՊԵԿ-ի դիմաց խաղաղ ակցիա են իրականացրել՝ պահանջելով կանխել քննարկման փուլում գտնվող օրենքի ընդունումը։ Ըստ նախագծի, վրացական պետհամարանիշերով մեքենաներով Հայաստան մուտքի ժամանակ ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները պետք է որպես գրավ վճարեն մաքսազերծման ամբողջ գումարը, որը երբեմն կազմում է մեքենայի արժեքի կրկնապատիկը կամ ավելին։
Մանրամասները՝ տեսանյութում։