Կրկնակի գանձում չի լինելու. Հովհաննիսյանը` տրանսպորտի միասնական տոմսային համակարգի մասին. ԶԼՄ

Մինչև տարեվերջ Երևանի հասարակական տրանսպորտն ամբողջությամբ կանցնի միասնական տոմսային համակարգի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է  Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։

Ընդ որում, այս պահին ուղեվարձի փոփոխություն չի նախատեսվում։

 

«Ես վստահեցնում եմ նաև, որ կրկնակի գանձում չի լինելու։ Այսինքն` քաղաքացին 100 դրամով հնարավորություն է ունենալու A կետից B կետ հասնել, եթե անգամ ընթացքում ստիպված լինի փոխել տրանսպորտը»,– ասել է նա։

 

Նշենք, որ միասնական տոմսային համակարգի պիլոտային տարբերակն այս պահին գործում է N1 երթուղում:

Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը միասնական տոմսային համակարգը հասարակական տրանսպորտի որակը բարելավելու քայլերից մեկն է համարում, մյուսը վաղուց է մեկնարկել ու արդեն տվել է դրական արդյունքներ։ Օգոստոսի 15–ից քաղաքային տրասպորտի շարժակազմում այլևս չկան «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներ։

 

Հասարակական տրանսպորտի սպասարկման համար, այս պահին, երթուղիներում գործում է մոտ 800 ավտուբուս։ Դրանցից 548–ը նոր ձեռք բերված Zhongtong և MAN մակնիշի ավտոբուսներն են (ևս 30–ը կլինեն մինչև տարեվերջ), մնացածը Higer մակնիշի (մանուշակագույն) ավտոբուսներն են։

 

Երևանի քաղաքապետարանը պլանավորում է մոտ ժամանակներում փոխարինել նաև արդեն հնացած (Higer) ավտոբուսները: Նախատեսվում է դրանց փոխարեն ձեռք բերել էլեկտրաավտոբուսներ, բայց թե կոնկրետ երբ դրանք կլինեն Երևանում ու երբ կհամալրեն շարժակազմը` Հովհաննսյանը դժվարացավ պատասխանել։

 

«Արդեն իսկ բանակցում ենք, սա նշանակում է, որ հնարավորինս շուտ ենք ուզում իրականացնել դա։ Կարծում եմ` մոտակա երկու տարիների ընթացքում 250 էլեկտրաավտոբուս կունենանք Երևանում, բայց դա` ամենաուշը, քանի որ արդեն հմտացել ենք ավտոբուսների ձեռքբերման մասով, կարծում եմ` արագ կստացվի»,–նշել է նա։

 

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: