ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել հետագա միջադեպերից և վերադառնալ երկխոսության

Եվրամիությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին աճող լարվածությանը։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ԵՄ-ի կայքէջում տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպական միությունը մեծ մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումներին և Լեռնային Ղարաբաղի հայերի վրա ազդող հումանիտար և անվտանգային լուրջ հետևանքներին:

 

ԵՄ-ն հիշեցնում է, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը խոչընդոտվել է գրեթե 9 ամսով, իսկ հունիսի 15-ից միջանցքը գրեթե ամբողջությամբ փակվել է՝ բացառությամբ երբեմն իրականացվող բժշկական տարհանումների:

 

«Արդյունքում դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքներն աղետալիորեն պակասում են կամ դրանք արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար»,- ընդգծվում է ԵՄ-ի հայտարարության մեջ։

 

ԵՄ-ն ցավում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն խոչընդոտվել է, և կոչ է անում այն լիարժեք և արագ վերականգնել՝ ներառյալ հումանիտար բեռների փոխադրումը:

 

«ԵՄ-ն կրկնում է իր կոչը, որով հուլիսի 26-ին հանդես է եկել ԵՄ Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատարը՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը երկու ուղղություններով և երաշխավորել, որ ճգնաժամն այլևս չի սրվի ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի ժամանակավոր միջոցների և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի որոշման։

ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Աղդամ քաղաքով ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած պատրաստակամությունը։  ԵՄ-ն հաստատակամ է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախկին համաձայնագրերի և միջազգային դատարանի որոշման համաձայն»,- ասված է հայտարարության մեջ։

Վերջին ամիսներին ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջազգային սահմանի երկայնքով աճող լարվածությանը։ ԵՄ-ն արձանագրում է, որ հրաձգության հետ կապված միջադեպերի մասին հաղորդագրություններ են ստացվում գրեթե ամեն օր:

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել հետագա միջադեպերից և կրկին վերադառնալ երկխոսության»,- նշված է հայտարարության մեջ։

 

ԵՄ-ն հիշեցնում է նաև, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) տեղերում իրավիճակի մասին զեկույցներ ներկայացնելու և դիտարկելու նպատակով պարեկություն է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով՝ հայկական կողմից, որի նպատակն է նպաստել հակամարտության կարգավորմանը և ամրապնդել վստահությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

 

«ԵՄ-ն կրկնում է զսպվածություն ցուցաբերելու և ներգրավված բոլոր կողմերի միջև երկխոսության իր կոչերը։ Անհրաժեշտ են մշտական ջանքեր Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման համար՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար՝ ի շահ տեղի քաղաքացիական բնակչության: Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսության շուտափույթ հաստատումը վճռորոշ նշանակություն ունի, մասնավորապես, տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի լուծման, ինչպես նաև Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության և այլ հարցերի տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Մանրամասները`  սկզբնաղբյուր կայքում: