
Մարիա Զախարովան` Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին: Վերջինս հարցազրույցներից մեկում ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է այն երկիրը, որը պետք է լինի երաշխավորը, այսինքն՝ ռուսական կողմը։ Սիմոնյանը հղում է կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որում ասվում է, որ Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ տարածք է, որը ՌԴ խաղաղապահների իրավասության ներքո է։ Ըստ խոսնակի` հարց է առաջանում` որտեղ է այդ տարածքը և որտեղ են ռուս խաղաղապահները։
Զախարովան այս առնչությամբ կարծում է, որ հրապարակային հռետորաբանությունը, որը գրեթե կոպտության է հասնում, այն պարզապես չի զարդարում Հայաստանի քաղաքական գործիչներին։
«Իսկ իմ բառերը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին նա ինչ-որ կերպ նշե՞լ է։ Եթե նրանք ցանկանում են խոսել փորձագիտական մակարդակով, լավ քաղաքական մակարդակով, ապա դրա համար կան բոլոր հնարավորությունները. մենք կապի հիանալի խողովակներ ունենք Երեւանի հետ բոլոր ուղղություններով, պետականից մինչեւ հասարակական։ Եվ այնուամենայնիվ, պետք է, ինձ թվում է... Ես հասկանում եմ, որ այնտեղ բոլորի դերերն էլ են առանձնացված՝ ով ինչ է հայտարարում եւ ով ինչպես է ասում։ Բայց եւ այնպես, ես համոզված եմ, որ դա իրավունք չի տալիս այն մարդկանց, որոնք ներկայացնում են հայ հասարակությանը, օգտագործել նման ինչ-որ արտահայտություններ, իսկ մենք դրանք վերջին ժամանակներս քիչ չենք տեսնում եւ լսում»,- ասել է Զախարովան։