ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ասել են՝ կամ 500 դրամով եք մարդկանց տեղափոխում, կամ էլ չեք քշում»․ լարված իրավիճակ՝ Աբովյանում
Աբովյանում տաքսիստներին պարտավորեցնում են քաղաքացիներին ոչ թե 400, այլ՝ 500 դրամով Երևան տեղափոխել։ Այս մասին Auroranews-ին ահազանգել են տեղի բնակիչները։
«Մեզ մոտ բռնատիրական մթնոլորտ է ստեղծվել։ «Մուլտի Տրանսպորտ» ընկերության ներկայացուցիչները տաքսու վարորդներին պարտադրում են, որ մեզ այլևս 400 դրամով Երևան չտեղափոխեն։ Փորձում են այնպես անել, որ ավտոբուսների արժեքը տաքսիների արժեքից լավ ցածր լինի, որ մարդիկ ստիպված ավտոբուսներով երթևեկեն»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացիներից մեկը։
Ըստ նրանց՝ տեսանյութում երևացող սպիտակ շապիկով տղամարդը հենց ընկերության ներկայացուցիչն է՝ դիսպեչերը, որը «ներխուժում» է մեքենաներ և փորձում հարցեր պարզել։
Auroranews -ը թեմայի վերաբերյալ զրուցեց Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի հետ։ Բաբայանն ասաց, որ խնդիրը ընկերության, Տարածքային ենթակառուցվածքների նախարարության տիրույթում է, սակայն հավելեց, որ որպես Աբովյանի քաղաքապետ՝ տեղի ունեցողին նորմալ չի վերաբերում։
«Գնացել եմ, տեղում ծանոթացել եմ խնդրին, տաքսիստներին, ընկերության ներկայացուցիչներին էլ հրավիրել եմ մեզ մոտ։ Պայմանավորվել են, թե ոնց պետք է աշխատեն ու գնացել են։ Ինձ համար, իհարկե, նորմալ չէ՝ ի՞նչ իրավունք ունեն մարդուն ասել, որ մեքենայի փոխարեն ավտոբուս նստի»,- նշեց քաղաքապետը։
Բաբայանը մեզ փոխանցեց նաև «Մուլտի Տրանսպորտ» ընկերության ներկայացուցչի՝ Արթուրի համարը, որը զբաղվում է այս հարցով, սակայն վերջինս, ի պատասխան մեր հարցադրմանը, նշեց, թե առաջին անգամ է լսում նման խնդրի մասին․ «Նախ պետք է հիմնավորենք, թե տաքսին որն է։ Հասարակական տրանսպորտի կանգառից անօրինական փոխադրումները չի կոչվում, որ դրանք տաքսի են ու իրավունք ունեն նման փոխադրումներ կատարել։ Մեր աշխատակիցները թույլ չեն տվել և թույլ չեն տալու նման երևույթները»։
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում է, որ այսքան ժամանակ թույլատրել են, նշեց․ «Մեր թույլ տալով չի դա»։
Դիտարկմանը՝ բա ինչպե՞ս է, որ հիմա թույլ չեն տալիս, ասաց․ «Որևէ տեսակի անօրինական փոխադրում, ինձ թվում է, որ դուք էլ չեք ուզում, որ երկրում լինի»։
Հարցին՝ դուք օրինապահ համակարգի ներկայացուցի՞չ եք, որ որոշում եք՝ օրինական է, թե՞ ոչ և արգելքներ դնում, պատասխանեց, որ ոչ․ «Կանգառներում անօրինական փոխադրումները, որոնք կարող են խանգարել կանոնավոր փոխադրումներին, ենթակարգավարները պարտավոր են թույլ չտալ»։
Տարածքային ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում նշեց, որ այս խնդիրը միայն Աբովյանում չէ՝ գրեթե բոլոր մարզերից իրականացվում են նման անօրինական փոխադրումներ։ Հարցին, թե նախարարությունը նշելով, որ այդ փոխադրումներն անօրինական են՝ ի՞նչ է արել այդ անօրինականությունը վերացնելու համար, նշեց․ «Այդ հարցը պարբերաբար քննարկվում է։ Նախարարությունը քաղաքացիներին չի կարող ասել՝ նստել այս մեքենան, թե չնստել»։
Auroranews-ը ուղևորափոխադրումներ իրականացվող մեքենաների վարորդներից ևս հետաքրքրվեց՝ իրենց առաջ նման պահանջ դրվել է, թե՞ ոչ և իրենք որևէ տաքսի ծառայության ներկայացուցի՞չն են, որքանո՞վ է օրինական իրենց գործունեութունը։ «Այո, մեզ ասել են՝ կամ 500 դրամով եք տեղափոխում, կամ էլ չեք քշում։ Շատերս Yandex-ի վարորդներ ենք»։
Ոսիկանությունից Auroranews-ին ասացին, որ տեսանյութում երևացող պարեկը քաղաքացիներին է մոտեցել առավոտյան ժամը 09։00-ի սահմաններում։ «Քաղաքացիները դժգոհել են, որ ավտոբուսները քիչ են»։
Auroranews-ը քաղաքացիների ահազանգը պահում է ուշադրության կենտրոնում։
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականի մայիսի 2-ից Կոտայքի մարզում ուղևորափոխադրում իրականացնում է միասնական օպերատորը: Հաղթող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը պարտավորվել է 10 տարի ապահովել մարզի երթևեկությունը: Բնակիչները մինչդեռ հենց այդ ժամանակ ահազանգում էինք՝ ուղեվարձը 15-100 տոկոսով բարձրացել է:
Դեռևս այդ շրջանում Նոր Հաճնի բնակիչ Մարտին Գևորգյանը «Լուրեր»-ի հետ զրույցում նշել էր, որ Աբովյան-Երևան երթուղին էլ 200 դրամը դարձել է 300 դրամ․ «Աբովյանի գյուղերից եղել է, որ 150 դրամով մարդիկ եկել են Աբովյան, բայց այժմ այդ 150-ը կրկնապատկվել և դարձել է 300, եկեք` մի պահ պատկերացնենք էն ընտանիքի վիճակը, որտեղ երկու ուսանող պետք է Երևանում սովորեն»: