Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից
ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղյակ եք Արցախի Հանրապետության պետական նախարարի փոփոխության ու նախագահի առաջիկա հրաժարականի մասին: Տեղեկացնեմ, որ իմ դիմումի համաձայն՝ այսօր ես ազատվել եմ պետնախարարի խորհրդականի պաշտոնից:
Ես ինքս իմ դիրքորոշումներն ու առաջարկներն եմ ունեցել թե՛ այսօրվա և թե՛ նախընթաց ներքին ու արտաքին զարգացումների վերաբերյալ, որոնք ներկայացրել եմ Նախագահին ու պետնախարարին՝ ընդգծելով պետական համակարգի կայունության ու արդյունավետության անընդհատ անհրաժեշտությունը:
11-ամյա հանրային ծառայության ողջ ընթացքում իմ արժեքների, սկզբունքների, գիտելիքների ու կարողությունների առավելագույն չափով նվիրվել եմ Արցախի Հանրապետությանը և Հայ ժողովրդին ծառայելու իմ առաքելությանը: Իսկ պետնախարարի խորհրդականի կարգավիճակում վերջին ամիսներին փաստացի համակարգել եմ տեղեկատվական աշխատանքները, ինչպես նաև հնարավորինս աջակցել եմ արտաքին քաղաքական և միջազգային իրավական ջանքերի կյանքի կոչմանը:
Կարծում եմ՝ ինձ ճանաչողները լավ գիտեն, որ պետական համակարգում լինեմ, թե ոչ, միևնույն է՝ ես շարունակելու եմ իմ ծառայությունը Հայրենիքիս ու Ժողովրդիս՝ դրա անառարկելի առանցքը համարելով կայուն ու զարգացող պետությունը: Հատկապես շրջափակման ու ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության հարուցած այս ծանրագույն պայմաններում առավել քան երբևէ բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախի Հանրապետության պետական համակարգի անսասան ու արդյունավետ գործառնությունն ապահովելուն: Ուստի, իմ պաշտոնաթողությունը համարելով քաղաքական անհրաժեշտություն՝ միաժամանակ ես երբևէ անձերով ու կարգավիճակով չեմ պայմանավորել իմ ազգային ու հանրային ծառայությունը: Հետևաբար, մշտապես պատրաստակամ եմ իմ սկզբունքների ու արժեքների շրջանակներում առավելագույնս աջակցելու ԱՀ իշխանություններին՝ թե՛ արտաքին և թե՛ ներքին բազմաբնույթ մարտահրավերների հաղթահարման գործում:
Անկախ իմ ոչ առաջնային կարգավիճակից՝ ներողություն եմ հայցում մեր բոլոր հայրենակիցներից, ում ակնկալիքները չեմ կարողացել բավարարել կամ թույլ եմ տվել տարբեր բացթողումներ: Շնորհակալություն նախագահ Հարությունյանին և պետնախարար Ներսիսյանին՝ պետությանը ծառայելու ինձ ընձեռնված հնարավորության համար, իսկ բոլոր գործընկերներիս՝ արդյունավետ համագործակցության համար:
Պատմական համբերություն և վճռականություն մեր ժողովրդին՝ պետականությունն ու Հայրենիքը պահպանելու և հաջորդ սերունդներին ժառանգելու ծանրագույն առաքելության մեջ»:
Հավելենք, որ սա այսօրվա ընթացքում արդեն երրորդ պաշտոնյայի պաշտոնանկության դեպքն է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Արցախի նախագահի հրամանագրով պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել է պաշտոնից։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահը նախքան հրաժարականն աշխատանքից կազատի պետնախարարին․ ԶԼՄ
Արցախի կառավարությունում այսօր փոփոխություններ կլինեն։ Այս մասին գրում է Hayastan.news-ը, որի տեղեկություններով՝ այսօր Ա...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...
Ֆրանսիայի նախագահն այս շաբաթ բանակցություններ կանցկանցի Փաշինյանի և Ալիևի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ...