Կեղծ 20․000 դրամանոցներ, բենզինի կտրոններ են վաճառում

Auroranews-ը ֆիքսել է, որ TikTok հարթակում  գովազդվող տելեգրամյան էջերից մեկը կեղծ թղթադրաներ է վաճառում։ Էջն ուսումնասիրելու արդյունքում պարզեցինք, որ հիմնականում 20․000 դրամանոց թղթադրամների կեղծված տարբերակների մասին է խոսքը։ Էջի հրապարակումներում նշված է, թե դրանք օրիգինալից ոչնչով չտարբերվող կրկնօրինակներ են, որոնց գինը բավականին շահավետ է։ Հատկանշական է՝ լավ գովազդի դեպքում հնարավոր է, որ մարդիկ խաբնվեն և դառնան անօրինական գործունեություն ծավալող այս անձանց հանցակիցը։ 

 

Էջի ադմինիստրացիան պնդում է, թե տերմինալներն ընդունում են կեղծ թղթադրամները, խանութներում ևս հնարավոր է դրանցով գնումներ կատարել։ Ըստ հրապարակումների՝ 20․000 դրամի 5 կեղծ օրինակը վաճառվում է 20․000 դրամով, 10-ը՝ 40․000 դրամով և այդպես շարունակ։ 

Նշենք, որ էջում վաճառվում են նաև Flash բենզալցակայանի կեղծ կտրոններ։ 

 

Auroranews-ը Ոստիկանության, Գլխավոր դատախազության լրատվության վարչություններից փորձեց ճշտել, թե վերջին շրջանում եղե՞լ են կեղծ թղթադրամների շրջանառության դեպքեր, ադյո՞ք տեղյակ են նման էջերի գոյության մասին և ի՞նչ տարբերակով են պայքարում, որպեսզի մարդիկ չընկնեն այս թակարդն ու չդառնան հանցակազմի մասնակից, խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ 

 

Եվս մեկ անգամ նշենք, որ նման թղթադրամների, կեղծ կտրոնների իրացումը, շրջանառությունն անօրինական են։ 

 

Քաղաքականություն