
Խունտայի պարագլխի պլանը նախագահին սովամահ անելն է․ ԱՄՆ-ում Նիգերի դեսպան

Նախագահ Մոհամեդ Բազումը ընտանիքի հետ միասին նստած է նախագահական համալիրի անլույս նկուղում՝ կտրված պարենի, էլետրականության եւ գազի մատակարարումից, գործակալությանը տեղեկացրել է ԱՄՆ-ում Նիգերի դեսպան Մամադու Կիարի Լիման-Թինգիրին, գրել է The Associated Press-ը։
«Խունտայի պարագլխի պլանը նրան սովամահ անելն է»,- ասել է Լիման-Թինգիրին AP հարցազրույցում՝ նշելով, որ նախագահը, նրա կինը եւ 20-ամյա որդին պարեն չեն ստանում։
Դեսպանի խոսքով՝ Բազումը նկուղից պատասխանում է հեռախոսազանգերին, երբ իրեն զանգահարում է ընկերը կամ մեկ ուրիշը, որի հետ նա ցանկանում է խոսել։
Բազումը հանրությանը չի ներկայացել հուլիսի 26-ից, երբ ռազմական մեքենաները փակել էին նախագահական պալատի դարպասները եւ անվտանգության ուժերը հայտարարել էին, որ վերցրել են իշխանությունը։ ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը եւ այլ երկրներ բազմիցս մտահոգություն են հայտնել Բազումին բանտում պահելու պայմանների առիթով եւ նախազգուշացրել են խունտային, որ պատասխանատվություն կկրեն Բազումի եւ նրա ընտանիքի բարեկեցության համար։
Հիշեցնենք՝ հուլիսի 27-ի գիշերը Նիգերի զինվորականները հայտարարեցին նախագահ Մուհամեդ Բազումի պաշտոնանկության և իշխանությունը «Հայրենիքի փրկության ազգային խորհրդին» փոխանցելու, ինչպես նաև սահմանների փակման, սահմանադրության կասեցման և ցանկացած քաղաքական կուսակցության գործունեության արգելքի մասին: