
Ինչու է Գլխավոր դատախազը իր ձեռքը վերցրել ԱԱԾ-ի ու Հակակոռուպցիոն կոմիտեի վերահսկողությունը. որոշում

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գործողությունները համակարգում շարունակում են զարմանքի տեղիք տալ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ տեղեկությունների համաձայն՝ Վարդապետյանը Գլխավոր դատախազության 5 վարչությունների վերահսկողություն իրականացնելը հանձնարարել է իր տեղակալ Արթուր Պողոսյանին, սակայն ամիսներ անց իրավիճակ է փոխվել: Լրատվականին հասած տեղեկություններով՝ Արթուր Պողոսյանի ձեռքից նա վերցրել է Ազգային անվտանգության ծառայության և Հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները եւ անձամբ է վերահսկում դրանք:
Այսինքն՝ ՀՀ գլխավոր դատախազն է այս երկու նախաքննական մարմինների նկատմամբ ուղիղ վերահսկողություն իրականացնում: Ինչո՞ւ նա չի վստահում իր տեղակալ Պողոսյանին. այս հարցի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղից տրամադրել են 2023 թվականի հունիսի 19-ին դատախազության պաշտոնական կայքէջում հրապարակված՝ ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան հրամանը, որով աշխատանքի բաժանում է կատարվել գլխավոր դատախազի, տեղակալների, ավագ դատախազների և դատախազների միջև: Գլխավոր դատախազությունից նշել են, որ սա աշխատանքային գործընթաց է՝ պայմանավորված աշխատանքային ծանրաբեռնվածությունը հավասարաչափ բաշխելով: Ասել է թե՝ չեն հերքել լրատվականի տեղեկությունները: