![Սամվել Բաբայանը՝ Ակնայի ճանապարհը գործարկելու մասին](https://auroranews.am/storage/img/base_image/old/a25c13ff00f8963cefb38e29cb6ed0c5.webp)
Սամվել Բաբայանը՝ Ակնայի ճանապարհը գործարկելու մասին
![Սամվել Բաբայանը՝ Ակնայի ճանապարհը գործարկելու մասին](https://auroranews.am/storage/img/base_image/old/a25c13ff00f8963cefb38e29cb6ed0c5.webp)
Մեկ շաբաթից ավելի է, որ Հայաստանից Արցախ ուղարկված հումանիտար օգնությունը՝ 361 տոննա բեռը Կոռնիձորում է. Ադրբեջանն արգելել է մուտքը Հակարի կամրջով, որակելով սա սադրանք, հայկական կողմն էլ սպասում է ռուս խաղաղապահների պատասխանին՝ արդյոք հնարավոր է բեռը հասցնել պաշարված Արցախ:
Արցախյան իշխանությունը նույն ժամանակ մերժում է Աղդամի ճանապարհը գործարկելը, սակայն միևնույն է՝ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։ Աղդամի ճանապարհից օգտվելու մասին Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն է դրական խոսում, սակայն սա արցախցիների կողմից միանշանակ չի ընդունվում։
MediaHub-ի հետ զրույցում Սամվել Բաբայանը նշել է, որ պետք է առաջին հերթին ֆիքսել, որ պատերազմից հետո Արցախի համար բանակցողները Աղդամի ճանապարհի համար շինանյութ են բերել, պատրաստվել այն կառուցելուն։
«Հիմա նույն մարդիկ այնպես են ներկայացնում, թե ինչ-որ մեկը եկել է, ասում է՝ Աղդամի ճանապարհով աշխատեք, իրենք էլ դեմ են։ Հակարի կարմրջի փակվելուց հետո իմ առաջարկն այն է եղել, որ փորձենք ստիպված այդ ճանապարհով առևտուր անել, բայց ոչ թե Աղդամի, այլ Ասկերանի և Աղդամի սահմանի վրա, այնտեղ պետք է կենտրոն ստեղծենք, այսպես ասած՝ «Սադախլո», որպեսզի կարողանանք և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից առևտուր անենք, հարթենք, կոնֆլիկտի չգնանք ու վիճակը չլարենք։ Բայց սա քաղաքական բանակցությունների հետ որևէ կապ չունի։ Մարդիկ իրենց կարճ խելքով ասում են, թե Բաբայանն առաջարկում է ինտեգրման գնալ։ Ես վստահ ասում եմ, որ ինտեգրման գործընթացը վաղուց է սկսվել և ներկայիս իշխանությունն էլ այս գործընթացի ակտիվ մասնակիցներից է, իսկ միջնորդը ՌԴ-ն է։ Ես իշխանությանը հազար անգամ ասել եմ՝ ծրագիր մշակեք, փաստաթուղթ, որ առաջ գնաք, փաթեթ ունենաք, բայց չէ, իրենց այս վիճակն է ձեռք տալիս, որ այսօր այսպես ասեն, վաղը այնպես անեն»,-ասել է Բաբայանը։
Դիտարկմանը, թե հանրության մոտ կարծիք է ձևավորվել, որ Բաբայանը Արցախում առաջ է տանում այն թեզերը, որոնք Փաշինյանն է ուզում, նույնիսկ մամուլը համարել էր, որ Բաբայանը Փաշինյանի խոսափողն է, վերջինս պատասխանել է․
«Ես ներկայացնում եմ իրավիճակը ու լուծում առաջարկում, գուցե, այն երբեմն համընկնի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ, բայց ինձ ինչ-որ մեկի խոսափողը լինելու մեջ մեղադրելը հիմար գաղափար է, որովհետև ես գիտեմ, որ իմ ժողովուրդը վտանգված է և տալիս եմ առաջարկներ իրավիճակը շտկելու համար։ Այո, իմ մասին կարող են շատ վարկաբեկող հրապարակումներ գրվել, բոլորի մասին էլ գիտեմ, բայց հիմա ժամանակ չունեմ, հետո բոլորով լուրջ զբաղվելու եմ՝ կա՛մ ապացուցելու են, կա՛մ պատասխան են տալու»,-շեշտել է նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։