Տարածքային պահանջներ չունենք Հայաստանից, և չենք ուզում, որ նրանք տարածքային պահանջներ ունենան մեր նկատմամբ. Ալիև

«Մենք տարածքային պահանջներ չունենք Հայաստանից, և չենք ուզում, որ նրանք տարածքային պահանջներ ունենան մեր նկատմամբ»։ Այս մասին «Euronews»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 

«Պատերազմում հաղթելը իմ կյանքի կամ գոնե իմ քաղաքական կյանքի առաքելությունն էր, և ես այն հաջողությամբ իրագործեցի։ Մենք հաղթել ենք պատերազմում, մենք վերականգնել ենք արդարությունը, մեր տարածքային ամբողջականությունը։ Եվ հիմա մենք խոսում ենք խաղաղության մասին: Եթե ​​Հայաստանը խաղաղություն է ուզում, մենք դրան կհասնենք, քանի որ մենք տարածքային պահանջներ չունենք Հայաստանից, և չենք ուզում, որ նրանք տարածքային պահանջներ ունենան մեր նկատմամբ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։  

 

Նա նաև հավելել է«Այն մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում, այն տարածքում, որն այժմ ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, գտնվում են Ադրբեջանում։ Նրանք պետք է ընտրություն կատարեն՝ մնան այստեղ և ապրեն որպես մեր քաղաքացիներ և ազգային փոքրամասնություն (մենք այսպիսիք շատ ունենք), կամ հեռանալ»։