
Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ–ի միջոցով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին․ Արցախի պետնախարար

Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է մեր քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել, սպասում ենք նոր տեղեկությունների»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Նույն երթով ՀՀ տեղափոխվող մեր քաղաքացիները Գորիս քաղաքից ներկայացած ԿԽՄԿ ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվել են Գորիսի բուժհաստատություն, իսկ ՀՀ-ում բուժված մեր քաղաքացիներին Արցախ վերադարձնելու երթը չեղարկվել է։
Հատկանշական է, որ Ադրբեջանը մշտապես ամեն կերպ փորձում էր խոչընդոտել նույնիսկ ԿԽՄԿ միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացին և ամեն անգամ նոր պայմաններ էր ներկայացնում ԿԽՄԿ-ին, իսկ սա հերթական քայլն էր՝ մարդկանց մոտ ձևավորելու նույնիսկ բուժման նպատակով Լաչինի միջանցքով անցնելու մտավախություն։
Ահա սա է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Արցախը Ադրբեջան կոչելու ՀՀ իշխանությունների, Արցախի ժողովրդի նկատմամբ արդեն ամիսներ տևող հանցագործությունները անբավարար չափով դատապարտելու և գրեթե անգործություն ցուցաբերող միջազգային հանրության վարքագծի օր օրի ահագնացող հետևանքները, որոնք ցանկացած գնով պետք է կանխվեն։
Հայ ժողովուրդ, նորից ու նորից գոչում եմ, արթնացեք, դեմ կանգնեք այս ամենին»։