
Քաղաքացիները կարող են նկարահանել «չարաճճի պաշտոնյաներին» և ստանալ դրամական պարգևներ. Իոաննիսյան

«Մենք վերջերս մեկնարկել ենք «Չարաճճի պաշտոնյաներ» արշավը, որով քաղաքացիները կարող են նկարահանել ու նույնանուն խմբում հրապարակել երթևեկության կանոնները ոտնահարող պաշտոնյաների արած խախտումները»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանը:
«Դրանից հետո ԻՔՄ-ն ուսումնասիրում է յուրաքանչյուր տեսանյութը կամ լուսանկարն ու հնարավորության դեպքում սկսում իրավական գործընթաց՝ ընդդեմ «չարաճճի պաշտոնյայի»:
Նմանատիպ այլ խմբերից «Չարաճճի պաշտոնյաների» մյուս տարբերությունն էլ այն է, որ նախատեսված են դրամական պարգևներ «ամենալավ» խախտումներն արձանագրողների համար:
Մասնավորապես, ամենալուրջ խախտումը, ամենաբարձրաստիճան պաշտոնյայի խախտումը, ամենալուրջ խախտումը մարզում և ամենաշատ խախտումները արձանագրած 7 քաղաքացիները կստանան 100 հազարական դրամ պարգևներ։
Մեզ համար կարևոր է, որ օրենքի առջև բոլորը հավասար լինեն, և որևէ պաշտոնյա իրեն արտոնյալ չհամարի»։