Կառուցապատողների հայկական ասոցիացիան փոշու դեմ պայքարի մի քանի տարբերակ ունի. ԶԼՄ

Փոշու` նորմայից բարձր մակարդակը (հատկապես Երևանում) իսկական գլխացավանք է դարձել թե՛ քաղաքացիների, թե՛ կառուցապատողների, թե՛ պետական գերատեսչությունների համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանն ասել է, որ խնդրի լուծման կառուցողական, ամբողջական տարբերակ դեռևս չկա. բոլոր առաջարկները տեղային, ժամանակավոր բնույթ են կրում։

 

«Ես ինքս` որպես բնակիչ, անընդհատ բախվում եմ փոշոտ, աղտոտված օդի բարձր մակարդակի խնդրի հետ։ Խնդրի լուծման համար մի շարք հանդիպումներ ենք ունեցել ՀՀ բնապահպանական, ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ շրջակա միջավայրի, էկոնոմիկայի նախարարությունների հետ։ Օդի աղտոտվածության օրենսդրական կարգավորումներում փոփոխություն է կատարվել շինհրապարակներն անթափանց, պաշտպանիչ շերտով կահավորելու մասով։ Բայց կա մի խնդիր. քանի դեռ չկա կարգավորում, թե ինչ չափանիշներին համապատասխանող նյութով պետք է լինեն պաշտպանիչ այդ թաղանթները, գործնականում այն դեռ չի կիրառվում»,– նշել է Գրիգորյանը։

 

Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնել էին, որ 2022 թվականին իրականացված տվյալներով` օդի մեջ փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի նորման 0.15 մգ/խմ-ն է։ Երևանում դա հասել է 0.5 մգ/խմ–ի, այսինքն` մոտ 3-4 անգամ գերազանցել է նորման։

 

«Կառուցապատողների հայկական ասոցիացիան» այն համոզման է, որ փոշու դեմ պայքարի միջոցառումները պետք է իրականացվեն ողջախոհության սահմաններում, ու չստացվի այնպես, որ «ակվարիումային պայմաններ» ստեղծվեն շինհրապարակում աշխատողների համար։

 

«Չստացվի այնպես, որ անթափանց ցելոֆանապատում լինի, որի պայմաններում անհնար կլինի բանվորների աշխատանքըշինհրապարակում։ Արդյունքում հնարավոր է` կյանքի կամ առողջության հետ անհամատեղելի խնդիրներ առաջանան»,– նկատել է Գրիգորյանը։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: 

Քաղաքականություն