Չեռնոգորիայում ձերբակալվել է Ինտերպոլով հետախուզվող ռուսաստանցի, հավանաբար՝ օրենքով գող Ժորա Թբիլիսսկին

Չեռնոգորիայում ձերբակալել են Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ գտնվող ռուսաստանցուն։ Այս մասին գրում է RTVI-ը՝ նշելով, որ խոսքը, հավանաբար, փախուստի մեջ գտնվող օրենքով գող Ժորա Թբիլիսսկիի մասին է։

Նշվում է, որ տղամարդու ձերբակալության մասին հուլիսի 13-ին հայտնել է RTCG պետական ​​հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով տեղի ոստիկանության բաժնին։ 

Ըստ այդ հաղորդագրության՝ Տիվատ քաղաքի օդանավակայանում բռնել են 59-ամյա Գ. Մ. սկզբնատառերով ռուսաստանցուն։ Տղամարդը միջազգային հետախուզման մեջ է հայտնվել Ինտերպոլի մոսկովյան բյուրոյի պահանջով: 

Խոսքը, ենթադրաբար, Ժորա Թբիլիսսկի (Չինկա) մականունով 58-ամյա Գեորգի Մանուկյանի մասին է։ Նա բազմիցս ազատազրկվել է թմրանյութերի մեղադրանքով։ Վերջին անգամ նա բանտախցում է եղել 2017 թվականին՝ շորթման գործով, սակայն 2020 թվականին դատարանի որոշումը չեղարկվել է։ Ներկայումս Ժորա Թբիլիսսկին միջազգային հետախուզման մեջ է։ 

2023 թվականի հունվարի վերջին ՌԴ Կրասնոդարի երկրամասի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտարարեց 58-ամյա քաղաքացու նկատմամբ քրեական հետաքննության ավարտի մասին։ 

«1993 թվականից Կրասնոդար քաղաքում տղամարդը զբաղեցնում է ամենաբարձր դիրքը քրեական հիերարխիայում։ Նրան ենթարկվել են ավելի ցածր քրեական կարգավիճակ ունեցող անձինք։ Պահպանելով հանցավոր միջավայրի հանցավոր ավանդույթներն ու սովորույթները՝ տղամարդը եսասիրական մղումներից ելնելով իր ազդեցությունն է տարածել Կրասնոդարի երկրամասի վրա»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Հաղորդվում է նաև, որ տղամարդուն հեռակա մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել կալանքը երկու ամիս ժամկետով՝ վերջինիս գտնելու պահից։

Քաղաքականություն