Միացյալ Նահանգները վերադարձել է ՅՈւՆԵՍԿՕ՝ դառնալով կազմակերպության 194-րդ անդամը

Միացյալ Նահանգները դարձել է ՅՈւՆԵՍԿՕ-ի 194-րդ անդամ պետությունը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը։
 

«ԱՄՆ-ի՝ կազմակերպության կազմ վերադառնալու գործընթացն ավարտված է։ Միացյալ Նահանգները կրկին պաշտոնապես դարձավ մեր կազմակերպության անդամ»,- ասել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն։
 

Նրա խոսքով` ՅՈւՆԵՍԿՕ-ն կրկին շարժվում է դեպի համակողմանիություն։
 

Կազմակերպության մամուլի ծառայությունից նշել են` հուլիսի 9-ին Ազուլեն զրուցել է ամերիկյան կողմի հետ, զրույցի ընթացքում նրան տեղեկացրել են, որ Վաշինգտոնում փաստաթուղթ է ստորագրվել ՅՈւՆԵՍԿՕ-ի կանոնադրության ընդունման վերաբերյալ։
 

Հունիսի 30-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովի արտահերթ նստաշրջանի մասնակիցները հավանություն էին տվել ԱՄՆ-ի՝ կազմակերպության կազմ վերադառնալու բանաձևին՝ Վաշինգտոնի առաջարկած` պարտքի աստիճանական մարման պայմաններով։