
Ադրբեջանում առևանգված հայ զինծառայողներին ստիպել են կեղծ ցուցմունքներ տալ

Ադրբեջանում առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին ստիպել են «անհրաժեշտ» ցուցմունքներ տալ։
Սրա մասին են վկայում ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե իբր նրանք Ադրբեջանին թշնամական երկիր չեն համարում և զղջում են իրենց քայլերի համար: Մինդեռ ադրբեջանական զինված ուժերը հայ զինծառայողներին առևանգել էին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Ադրբեջանում մեկնարկել է առևանգված հայ զինծառայողների ապօրինի դատավարությունը: Գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 5-ին։
Հիշեցնենք, որ զինծառայողներին առևանգել էր մայիսին Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական դիվերսիոն խումբը։
Մայիսի 26-ին, ժամը 19:00-ին, ՀՀ մարտական դիրքեր սնունդ մատակարարող զինված ուժերի 2 զինծառայողների հետ կապն ընդհատվել էր։ ՊՆ-ի հաղորդագրության համաձյն, միջդիրքային ճանապարհին խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է նյութատեխնիկական ապահովման մեքենա՝ բեռնված սննդով և ջրով, որը նախատեսված է մարտական դիրքերի համար։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ զինծառայողներին առևանգել են ադրբեջանցիները։