7 օրում Ադրբեջանը 2 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, կրակել քաղաքացիական անձանց ու բնակավայրերի ուղղությամբ․ ամփոփում

2023 թվականի հունիսի 26-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 27 հաղորդում, որից 12-ը հանցագործությունների մասին է: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:

 

Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 11-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

 

Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման 2 դեպք։

 

Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու բոլոր 6 դեպքերը, ինչպես նաև խարդախության և անձնական ունեցվածքի գողության մեկական դեպքեր: Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։

 

Յոթ օրվա ընթացքում ադրբեջանական կողմը 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել և կրակել է քաղաքացիական անձանց ու բնակավայրերի ուղղությամբ:

 

Հունիսի 28-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ճարտար քաղաքի բնակիչը Մարտունի քաղաքի վարչական տարածքի 64 հեկտար կոչվող տեղամասում հացահատիկահավաք կոմբայնով հունձ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են կոմբայնի ուղղությամբ։ Նույն օրը մեկ այլ հաղորդում է ստացվել Գիշի գյուղի բնակչից: Վերջինս, Ճարտար քաղաքի վարչական տարածքի Ղուրուսու կոչվող տեղամասում, «Բելառուս-80» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

 

Քաղաքականություն