
3 ամիս պնդում էին, որ զինվորական կացարանում տեսալուսանկարահանում չի եղել, բայց փաստորեն եղել է. Նորիկյան

Երեք ամիս շարունակ համառ պնդումներ էին անում, որ որևէ տեսա-լուսանկարահանում տեղի չի ունեցել, սակայն մենք Փրկարար ծառայությունից ստացել ենք շուրջ 10-ից ավելի լուսանկարներ, որոնք ամբողջական չեն, սակայն դա փաստում է, որ այդ վայրում լավ էլ տեսա-լուսանկարահանում իրականացվել է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը։
Հարցին, թե այդ լուսանկարներում զինծառայողների մարմինները որտե՞ղ են գտնվել, Նորիկյանը պատասխանեցլ է, որ դա նկարահանված չէ, չի երևում.
«Այն պահից է նկարահանված, երբ իրենք, ենթադրաբար, հարմար են համարել մեզ տրամադրել։ Սակայն, առաջին համոզմունքն այն է, որ եթե այդքանը լուսանկարել են, բացառված է, որ դրան նախորդող ժամանակահատվածում լուսանկարահանում ու տեսանկարահանում իրականացված չլինի։ Ես ավելի պնդումներ չանեմ, քանի որ այլ եզրակացություններ էլ կան»,-ասել է փաստաբանը՝ հավելելով, որ այդ պահին ենթադրաբար մարմիններն արդեն դուրս բերած են եղել:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: