
Տղամարդը սպառնում էր 2 նռնակները պայթեցնել ու սպանել ընտանիքի անդամներին

Երեկ՝ հունիսի 8-ին, դետեկտիվ ժանրի վնասազերծման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հատնում է Shamshyan.com-ը: Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, և ահազանգողն առանց հստակ ինչ-որ բան ասելու, շնչակտուր, անհասկանալի արտահայտություններ է անում։ Ահազանգը հնչած է լինում Լեռնակերտ գյուղի բնակիչ Կառլեն Մ․-ի բնակարանից։
Արդեն տեղում իրավապահները պարզել են, որ 40-ամյա Կառլեն Մ․-ն և 45-ամյա Արտյոմ Մ․-ն հաճախակի վիճաբանություն են ունենում ընտանիքում, ծեծում, բռնություն կիրառում, երբեմն էլ սպառնում են, որ նռնակով կպայթեցնեն։ Եվ երեկ, ժամը 20։00-ի սահմաններում Արտյոմ Մ․-ն 2 նռնակը ձեռքին, գինովցած վիճակում մտել է տուն, ծեծի ենթարկել ընտանիքի անդամներին և սպառնացել, որ նռնակներով կպայթեցնի ու կսպանի նրանց։ Ապա իր հոր՝ Կառլեն Մ․-ի, և եղբոր՝ Աբրամ Մ․-ի, դիմադրությանը հանդիպելով, դուրս է եկել տանից։
Տան այգում` խոտերի մեջ, հայտնաբերվել է կասկածելի պոլիէթիլենային տոպրակ։ Արդեն զննությամբ տոպրակում հայտնաբերվում են 2 հատ «Ֆ-1» նռնակներ իրենց պայթուցիչներով։
Կառլեն Մ․-ն առանձնատնից քիչ հեռավորության վրա գտնվող կիսաքանդ շինությունում առկա մեղվափեթակի արկղի միջից ոստիկաներին և քննիչներին է ներկայացնում 1 հատ 4 լիտր տարա, որի մեջա առկա է լինում 181 գրամ մաքուր քաշով դեղնականաչավուն, կանեփանման, մանրացված զանգված և 1 հատ 3 լիտրանոց տարա, որի մեջ էլ լինում է դեղնականաչավուն հեղուկ։ Հայտնաբերվում են նաև կանեփի զանգված ծխելու համար, տարբեր չափերի պլաստմասե շշեր և 1 հատ ներարկիչ։
Արդեն փաստերի ճնշման տակ Կառլեն Մ․-ն հայտնում է, որ հայտնաբերված կանեփաման զանգվածը պատկանում է իր որդի Արտյոմ Մ․-ին, ով այն օգտագործել է պլաստմասե շշերի միջոցով ծխելու եղանակով։
Դեպքի փաստով՝ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Արտյոմ Մ․-ն հայտնաբերվել և ձերբակալվել, ապա տեղափոխվել է Ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Մարտունու քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։