Թուրքիայի ներկայիս ՊՆ ղեկավարը կապ ունի խաղաղ բնակիչների վիճահարույց սպանություններում
Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Յաշար Գյուլերը, որին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշանակել է պաշտպանության նախարար, այն մի քանի գեներալներից է, որոնք կապ են ունեցել զինվորականների հետ կապված մի շարք վիճահարույց միջադեպերում, գրում է Nordic Monitor-ը։
Նշվում է, որ 2011 թվականի դեկտեմբերի 28-ին մի խումբ մաքսանենգների, որոնք Իրաքից անցել են թուրքական հարավարևելյան Շըրնաք նահանգի Ուլուդերե շրջան, շփոթել էին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների հետ և ռմբակոծել F-16 կործանիչներով, ինչի հետևանքով զոհվել էր 34 մարդ, որոնցից 17-ը դեռահասներ էին։
Զինվորական դատախազության կողմից 2014 թվականին կազմված զեկույցի համաձայն՝ այդ ժամանակ գեներալ-լեյտենանտ Գյուլերը գնացել է Գլխավոր շտաբի հրամանատարական կենտրոն, դիտել անօդաչու թռչող սարքերով ուղարկված կադրերը և ասել, որ, իր գնահատմամբ, օդային գործողությունը տեղին կլինի։
Ըստ թուրքական մամուլի տեղեկությունների՝ կենտրոնի որոշ սպաներ Գյուլերին ասել են, որ կասկածյալները, հավանաբար, մաքսանենգներ են, սակայն Գյուլերը հրաժարվել է լսել նրանց։ 2013-ին զինդատախազությանը տված հայտարարության մեջ Գյուլերը պնդել է, որ ինքը նման որոշում է կայացրել տարածաշրջանում PKK-ի բարձրաստիճան հրամանատարների գործունեության վերաբերյալ հավաստի հետախուզական տեղեկատվության արդյունքում՝ վկայակոչելով թուրքական MİT հետախուզական գործակալությունը։
Ավելի ուշ Դիարբեքիրի դատախազությունը հայտարարել էր միջադեպում իրավազորության բացակայության մասին ու որոշել քրեական հետապնդում չիրականացնել։ Գյուլերի անունը հայտնվել է նաև 2014 թվականին տարածված աուդիո ձայնագրության մեջ։ Նշվում է, որ այն ժամանակվա արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ԱԳ նախարարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն, այն ժամանակ MİT-ի փոխքարտուղար Հաքան Ֆիդանը և գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Գյուլերը 2013 թվականի մարտի 13-ին Դավութօղլուի գրասենյակում քննարկում են Սիրիայում ռազմական գործողությունները։ Ձայնագրության մեջ Գյուլերն ասում է, որ Սիրիայում հակակառավարական խմբավորումներին զենք և զինամթերք ուղարկելու՝ MİT-ի ջանքերը պետք է աջակցություն ստանան։
Ըստ որոշ պնդումների՝ 2016 թվականի հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ գլխավոր գեներալները, այդ թվում՝ այն ժամանակվա գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը և Յաշար Գյուլերը, իրականում աշխատել են թուրքական հետախուզության պետ Ֆիդանի և նախագահ Էրդողանի հետ՝ կեղծ հեղաշրջում իրականացնելու համար՝ սպաների զանգվածային մաքրման համար պատրվակ ստեղծելու նպատակով։
Ձախողված հեղաշրջումն օգնեց Էրդողանին բանակից հեռացնել ՆԱՏՕ-ի կողմնակից սպաներին, այդ թվում՝ բոլոր գեներալների և ծովակալների մոտ 70 տոկոսին։ Նրանց փոխարինեցին դաշինքին թշնամաբար տրամադրված իսլամիստներն ու նեոնացիոնալիստները։