ՆԱՏՕ-ում արտակարգ խորհրդակցություն կանցկացվի Կախովկայի ՀԷԿ-ի հարցով
Հինգշաբթի՝ հունիսի 8-ին, ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի արտակարգ նիստ կկայանա՝ քննարկելու Կախովկայի հիդրոէլեկտրական ամբարտակի փլուզումը, թվիթերյան իր էջում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբյերգը։
Նա ամբարտակի ոչնչացման հարցը հեռախոսով քննարկել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, ով նույնպես կմիանա հանձնաժողովի նիստին։
«Ես խոսել եմ Դմիտրի Կուլեբայի հետ Կախովկայի ամբարտակի աղաղակող ոչնչացման մասին, որը հազարավոր մարդկանց թողնում է անօթևան և էկոլոգիական աղետ է առաջացնում Ուկրաինայում», - գրել է Ստոլտենբերգը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այլ մանրամասներ չի հայտնել։
Ինքը՝ Կուլեբան, մանրամասնել է, որ հանդիպումը կանցկացվի իր խնդրանքով։
«Ռուսաստանի կողմից Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացման հետևանքով առաջացած ճգնաժամը մեղմելու համար Յենս Ստոլտենբերգը խոստացել է օգտագործել ՆԱՏՕ-ի մեխանիզմները մարդասիրական օգնություն տրամադրելու համար», - հայտնել է Կուլեբան։
Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը, որն ավելի քան մեկ տարի վերահսկվում է ռուս զինվորականների կողմից, փլուզվել է հունիսի 6-ի գիշերը։ Սկսվել է Դնեպրից ներքև ջրի անվերահսկելի հոսք։ Կիևն ու Մոսկվան աղետի մեջ մեղադրել են միմյանց։ Անկախ վերլուծաբանները խոստովանում են, որ ամբարտակը կարող էր փլուզվել ինչպես գիշերային պայթյունի կամ գնդակոծության հետևանքով, այնպես էլ նախկինում վնասվելու պատճառով։
Պատնեշի ոչնչացման հետեւանքով Խերսոնի շրջանում տասնյակ բնակավայրեր եւ մոտ 5 հազար բնակելի շենքեր ջրի տակ են անցել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ հունիսի 7-ի երեկոյան ջրհեղեղի տակ գտնվող տարածքներից տարհանվել է ավելի քան 2000 մարդ։ Կիևը վթարն անվանում է վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում ամենամեծ տեխնածին աղետը։