ԱՄՆ-ն տեղեկացված է եղել «Հյուսիսային հոսքերի» վրա հարձակվելու՝ Ուկրաինայի ծրագրերի մասին․ WP

ԱՄՆ նախագահի վարչակազմը «Հյուսիսային հոսքերում» դիվերսիաներից դեռ երեք ամիս առաջ տեեղեկացվել է եվրոպացի դաշնակցից, որ ուկրաինացի զինվորականները հարձակում են ծրագրում գազատարների վրա՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի անմիջական հսկողության ներքո։ Այս մասին գրել է The Washington Post-ը (WP)՝ վկայակոչելով Պենտագոնի փաստաթղթերը, որոնք համացանցում հայտնվել են լայնածավալ արտահոսքի արդյունքում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ 

 

Այդ փաստաթղթերի համաձայն՝ հարձակումը գազատարի վրա Վաշինգտոնին հայտնի ժամկետում տեղի չի ունեցել, սակայն ավելի ուշ գրանցված պայթյունները տեղի են ունեցել ենթադրյալ ժամանակին բավականին մոտ: Ենթադրյալ հարձակման ծրագրի մանրամասները հավաքել է եվրոպական երկրներից մեկի հետախուզական ծառայությունը և մեկ տարի առաջ փոխանցվել ԿՀՎ-ին։ Վերջինը փաստաթղթերով կիսվել է Գերմանիայի ու եվրոպական այլ դաշնակիցների հետ։ Հետախուզության զեկույցը հիմնված է Ուկրաինայի աղբյուրից ստացված տեղեկատվության վրա։ Այն պարունակում է մի քանի առավել կոնկրետ ապացույցներ, որոնք կարող են պաշտոնական Կիևին կապել «Հյուսիսային հոսքի» հարձակման հետ:

 

Զեկույցում ասվում է, որ գործողությունը պետք է ղեկավարեր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։ Նշվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրա մասին չի իմացել, որը նրան հնարավորություն է տվել արժանահավատորեն հերքել հարձակմանը Կիևի մասնակցությունը, ինչը կարող էր վրդովմունք առաջացնել Արևմուտքում և սպառնալ Ուկրաինայի աջակցությանը։ Դա հատկապես վերաբերում էր Գերմանիային, որը պատերազմից առաջ բնական գազի կեսը ստանում էր ՌԴ-ից և երկար ժամանակ պաշտպանում էր «Հյուսիսային հոսք» նախագիծը։ 

 

WP-ի փոխանցմամբ՝ գործողությունը նախատեսվում էր իրականացնել Բալթիկ ծովում արևմտյան երկրների ռազմածովային զորավարժություններից անմիջապես հետո, որոնք տեղի են ունեցել 2022 թվականի հունիսին։ Այդ ժամանակ ուկրաինական աղբյուրը, որը վստահություն էր վայելում արևմտյան հետախուզության շրջանում, հայտնել է, որ կեղծ անձնագրերով ուկրաինացի վեց հատուկ ջոկատայիններ պետք է զբոսանավ վարձեին, որպեսզի հասնեին իրենց նպատակակետին, այնուհետև հատուկ սարքավորումներով սուզվեին և ականազերծեին գազատարը։ Բայց, ի վերջո,  գործողությունը «դադարեցվել է»՝ անհասկանալի պատճառներով։ 

 

Հետագայում գերմանացի քննիչները պարզել են, որ մոտավորապես նույն պլանն իրականացվել է, բայց սեպտեմբերին։ Միաժամանակ, ըստ WP-ի հրապարակման, կան տարբերություններ։ Հարձակումը նախատեսված է եղել միայն «Հյուսիսային հոսքի» վրա, բայց ոչ «Հյուսիսային հոսքի 2»-ի վրա։ Ուկրաինացի պաշտոնյաները, որոնք նախկինում բազմիցս հերքել են Կիևի մասնակցությունը գազատարների պայթյուններին, չեն արձագանքել լրատվամիջոցի դիմումներին։ Սպիտակ տունը և ԿՀՎ-ն ևս հրաժարվել են մեկնաբանություններից: Հավելենք, որ 2022 թվականի սեպտեմբերի վերջին վնասվել էին «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների չորս լարերից երեքը։